Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մի քանի համայնքներում առկա է խմելու և ոռոգման ջրի խնդիր. պատճառը չոր եղանակն է

Սյունիքի մի քանի համայնքներում առկա է խմելու և ոռոգման ջրի խնդիր. պատճառը չոր եղանակն է
Հասարակություն
18:28, 30 август 2021
Սյունիքի մարզի մի քանի համայնքներում առկա է խմելու և ոռոգման ջրի խնդիր։ Խնդիրը, ըստ պատասխանատուների, կապված է չո եղանակի հետ։

Նռնաձոր համայնքի ղեկավար Ալեքսան Բոյաջյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ երաշտով պայմանավորված՝ կտրվել է խմելու ջուրը։ «Նման երաշտ ես մեկ էլ 15  տարի առաջ եմ հիշում, որ գյուղի խմելու ջուրը կտրվի։ Այս պահին օգտվում ենք գյուղից 3 կմ այն կողմ գտնվող ստորգետնյա ջրերից։ Ինքնահոս համակարգով գալիս է մինչև գյուղի տակը։ Այնտեղ ունենք պոմպակայան։ Նորոգման աշխատանքներ են գնում, որովհետև վաղուց չի օգտագորրծվել և շարքից դուրս է եկել։ Մի երկու կամ երեք օրից, կարծում եմ, կկարողանանք այդ պոմպերով ջուրը մատակարարել։ Այս պահին մարդիկ  ջուրը գյուղի ներքևից կրելով բերում են»,- ասաց համայնքի ղեկավարը։ 

Ըստ Բոյաջյանի՝ խմելու ջրի խնդիր, բացի իրենց համայնքից, առկա է նաև Շվանիձոր և Ալվանք համայնքներում։ 

Ալեքսան Բոյաջյանը նշեց, որ հուլիսի 31-ից հետո, կարելի է ասել, ոռոգման համակարգի ինքնահոս համակարգը չի գործում, և անցել են մեխանիկական ոռոգման, որը չի բավարարում, քանի որ աշխատանքները շատ ուշ սկսվեցին։ «Պոմպերը պատրաստ չէին։ Մենք բազմիցս ահազանգել ենք, որ պոմպակայանները պետք է նախօրոք կարգի գցվեն, քանի որ փորձը ցույց է տվել, որ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին մենք ունենում ենք ոռոգման ջրի խնդիր։  Եթե չեմ սխալվում՝ հունիսի 11-ին Սյունիքի ՋՕ պետը՝ Նաիրի Հովհաննիսյանը, այցելել էր Շվանիձոր և բնակիչներին խոստացել 7-10 օրվա մեջ խնդիրը կարգավորել, սակայն, ցավոք, շատ  ուշ սկսեցին այդ հարցով զբաղվել։ Այգիներ կան, որ արդեն կիսաչոր են։ Այս տարի մեծ վնասներ են կրել»,- նշեց Ալեքսան Բոյաջյանը։

Բոյաջյանն ասաց, որ պոմպակայանները, չնայած ուշացումով, բայց, այնուամենայնիվ, տեղադրվեցին, սակայն քանի որ շարժիչներն ու պոմպերը հին են՝ ընդհատումներով են աշխատում, իսկ ՋՈ սպասարկող անձնակազմը, փոքրաթիվ լինելու պատճառով, չի հասցնում սպասարկել։ Եթե համակարգը նորմալ աշխատի, ապա, ըստ Բոյաջյանի, հնարավոր է փրկել այգիների մնացած մասը։ 

Վովա Հակոբյան