Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հերոսների վերականգնողական քաղաք»-ը որդեկորույս մայրերի համար դարձել է տուն. «Ֆրանսիայից հյուր ունեն»

Քաղաքապետ Սեդրիկ վան Սթիվենդալը առաջին անգամ է այց կատարել Հայաստան, և քանի որ Վիլյորբանը Աբովյան քաղաքի քույր քաղաքն է, Հերոսների վերականգնողական քաղաքի հրավերով այցելել է այնտեղ ևս։

Քաղաքապետը զոհվածների հայրերի հետ ծառ տնկեց վերականգնողական քաղաքի այգում, այնուհետև շրջայց կատարեց՝ ծանոթանալով բուժման մեթոդներին, տարածքին, ինչպես նաև փորձեց թխել լավաշ։

«Ինձ շատ հետաքրքիր էր, գալով այստեղ, ծանոթանալ  և տեսնել, թե ինչպես է այս ամենը իրականացվում, և հաճելիորեն զարմացած եմ մեթոդներից։ Իհարկե, չենք կարող համեմատել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, սակայն ինովացիոն այս տեխնոլոգիաները շատ կարևոր են, որ կիրառվեն։ Չենք կարող ջնջել կատարվածի էջերը, բայց կարող ենք նորերը գրել»:- ասաց քաղաքապետը

Հոգեկան առողջության կենտրոնի հիմնադիր Սուրեն Հակոբյանը պատմեց, որ նրանք շրջայցեր են կատարում Հայաստանից դուրս, որպեսզի հայկական համայնքներում տեղեկացնեն, թե ինչ գործունեություն են ծավալում, և իրենց շնորհակալական խոսքը ասեն այն երկրներին, որոնք համագործակցում են  իրենց հետ։

Հարցին՝ արդյոք նման համագործակցությունները ենթադրո՞ւմ են վերականգնողական քաղաքների ստեղծում, պարոն Հակոբյանը պատասխանեց, որ դիմել են Ֆրանսիային, որպեսզի Գորիսում և այլ սահմանամերձ գյուղերում կարողանան ունենալ որոշակի առաջխաղացում այդ հարցում:

Կենտրոնի հոգեբան Տաթև Գրիգորյանը ասաց, որ այժմ գտնվում են ակտիվ փուլում և հիմնականում հաջողում են, քանի որ կենտրոնի մասին տեղեկացվածությունը մեծ է, և մարդիկ, կիսվելով, իրենց փորձով ուղղորդում են մյուսներին։

Տիկին Սիմա Պետրոսյանը, ում որդու՝ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունով է կոչվում վերականգնողական քաղաքը, պատմեց, որ դժվար էր պատկերացնել, թե նման ամայի տարածքը կարող է վերածվել այսպիսի գեղեցիկ վայրի: Հերոս Տարոն Գիվարգիզյանի մայրն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ կենտրոնը դարձել է իրենց համար տուն: Հերոս Դավիթ Խաչատրյանի մայրը՝ տիկին Կարինեն, կիսվեց իր հիշողություններով. իր տղան առանձնահատուկ սիրել է ծառեր: 

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Դեինյան