Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամիրյան 13 հասցեի սեփական տարածքի մուտքի վրա հարևանը փորձում է մուտք տեղադրել՝ փակելով ներքևի տարածքի ամբողջ լույսը. գործը դատարանում է

Դեռևս 90-ականներից Ամիրյան 13 հասցեում գտնվող 37 քառակուսի մետր տարածքը, որի սեփականատերերը ամուսիններ Աշոտ Փանոսյանը և Նատալյա Մկրտչյանն են, իրենց տարածքի վերևի հարկի սեփականատեր Տիգրան Ուստյանի հետ դատական վեճերի մեջ են։ Նշենք, որ կիսանկուղային հարկի տարածքը ամուսինները վարձակալության են տվել հագուստի խանութի։

«Մերը կիսանկուղային տարածք է, վերևի հարևանը վաճառքից առաջ ասաց, որ ուզում էր մեր համաձայնությունը, որպեսզի մեր միակ պատուհանը, որը փողոցի կողմից միակ մուտքն է և գտնվում է փողոցի կողմում, վերևի հարկի նոր գնորդը աստիճանավանդակ դնի այնտեղ, ասեցի՝ դա բացառվում է, հնարավոր չի այնտեղ ընդհանրապես»,- ասաց Աշոտ Փանոսյանը։  

Տիգրան Ուստյանը, որը, ինչպես տեղեկացրեց Աշոտ Փանոսյանը, «Ուստիան» հագուստի խանութների ցանցի սեփականատերն է, դիմել է քաղաքապետարան, որտեղ նրա դիմումը մերժել են և թույլ չեն տվել կիսանկուղային տարածքի մուտքի վրա իր մուտքը բացել, փոխարենը թույլ են տվել, որ նա միայն ցուցափեղկեր տեղադրի։ Դրանից հետո Տիգրան Ուստյանը դիմել է դատարան՝ բողոքարկելով քաղաքապետարանի որոշումը։

«Քաղաքապետարանը պարզ է, որ չէր կարող թույլ տալ։ Լավ է, որ այդ բաները տեղի չի ունեցել հեղափոխությունից առաջ, թե չէ հաստատ քաղաքապետարանն էլ միանգամից այդ հարցերը կլուծեր։ Նա քաղաքապետարանի որոշումը բողոքարկեց դատարան, և առանց մեր ներկայության, առանց քաղաքապետարանի ներկայացուցչի ներկայության դատարանը հօգուտ այդ մարդկանց որոշում կայացրեց, թույլատրեց, որ մուտք բացեն իր համար։ Եվ նաև քաղաքապաետարանը, մենք, մեր կողքի տարածքը բողոքարկեցինք առաջին ատյանի վճիռը վերաքննիչ դատարան, որը մեր բողոքը բավարարեց և հետ ուղարկեց առաջին ատյան՝ նոր քննության։ Այստեղ ևս հօգուտ նրա որոշում կայացվեց, և մենք երկրորդ անգամ բողոքարկեցինք վերաքննիչ դատարան, որը մերժեց մեր բողոքը»,- ասաց Աշոտ Փանոսյանը։

Մենք զրուցել ենք նաև Նատալյա Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Ասյա Օվանյանի հետ, որը տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանը Նատալյա Մկրտչյանի վերաքննիչ բողոքի հիմքում դրված հիմնավորումներին չի անդրադարձել հենց այն առումով, որ եզրակացության հիմք հանդիսացող փաստաթուղթը խախտումներով է եղել, և այնտեղ ամսաթվերի և սեփականության վկայականը տարբեր ձևով են ներկայացրել, մասնավորապես Տիգրան Ուստյանի տարածքը ներկայացված է որպես բնակարան, այնինչ այն արդեն հասարակական նշանակության տարածք է, և դրան դատարանն ընդհանրապես չի անդրադարձել։

«Անհիմն եմ համարում վերաքննիչ դատարանի որոշումը, այն ընդհանրապես ոչ օբյեկտիվ է և ապացույցները չի գնահատել, ավելին՝ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով վերաքննիչ դատարանը և վերաքննիչ վարչական դատարանը ի պաշտոնե իրավունք ունեն անձամբ ապացույցներ ձեռք բերելու, հարցումներ անելու և այլն, ինչը ոչ առաջին ատյանն է արել, ոչ էլ վերաքննիչը։ Այնինչ վերաքննիչ բողոքում այդ ամեն ինչը նշված էր, որ առաջին ատյանն էլ չի արել։ Նրանք նույնականացրել են մեկ այլ գործի հետ՝ «Մայ բրենդ»  անվամբ այդ խանութի, այնինչ չէին կարող նույնականացնել, քանի որ սեփականատերը նույնն է թե՛ վերևի մասի, թե՛ նկուղային հատվածի, ինչը որ Նատալյա Մկրտչյանի կողմից վկայակոչվել է, բայց վերաքննիչ դատարանն ասում է՝ միևնույն է, դա չէր կարող վճիռը փոխել և չի անդրադարձել դրան»,- ասաց Ասյա Օվանյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան