Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զարթնիր, լաո»-ի փոխարեն՝ «զարկ, երբ հալածում են քեզ». Ջահերով երթից հետո ո՞ւր կշարժվի թափորը՝ ՀՀ կառավարության շե՞նք, թե՞ դեպի Թուրքիա՝ ծնկի բերելու

«Զարթնիր, լաո»-ի փոխարեն՝  «զարկ, երբ հալածում են քեզ». Ջահերով երթից հետո ո՞ւր կշարժվի  թափորը՝ ՀՀ կառավարության շե՞նք, թե՞ դեպի  Թուրքիա՝  ծնկի բերելու
Հասարակություն
08:30, 22 апрель 2024
Երկու տարի առաջվա՝ «Դիմադրություն» շարժմանը նախորդած ջահերով երթից կադրերի օգտագործմամբ ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունը հոլովակ է հրապարակել՝ ազդարարելով  այս տարի տեղի ունենալիք համանուն երթի մասին։ Հիշյալ միջոցառման  ազդագիրը զետեղել է «Ջահերով երթ» ֆեյսբուքյան էջը։ Ազդագրում մասնավորապես  նշված է. «Թույլ մի տուր ուրանալ, պահի՛ր արժանապատվությունդ, պայքարի՛ր հանուն արդարության, մասնակցի՛ր ջահերով երթին: Զարկ, երբ հալածում են քեզ»։ Նշենք, որ 2022-ի «հայաստանացունց» երթի ուղերձն էլ ժողովրդական հայտնի երգից վերցված «զարթի՛ր լաո»-ն էր, որն էլ հետագայում դարձավ «Դիմադրություն» շարժման լոզունգներց մեկը՝ «զարթնիր, լաո»։ Չի բացառվում, որ այս տարվա երթին հաջորդի  ընդդիմության փողոցային պայքարի հերթական փուլի ազդարարումը՝ այս անգամ ի լուր համայն հայության հրովարտակով՝ «զարկ, երբ հալածում են քեզ»։ Այս տողերը, ի դեպ, դաշնակցական Ավետիս Ահարոնյանի գրչին են պատկանում։  «Թշնամին չափազանց անողորմ է, բիրտ ու ոճրագործ՝ որպեսզի համբերությունը շարունակի առաքինություն մնալ: Վե՛ր կաց ու զա՛րկ, զա՛րկ ուժգին, և թող հազար տարիների մեռելների ոսկորները դողա՛ն հարվածներիդ շանթից: Զա՛րկ, երբ հալածում են քեզ: Զա՛րկ, երբ փակում են քո փառավոր ընթացքը: Զա՛րկ, երբ մերժում ու հեգնում են քո պարզած ձեռքը: Զա՛րկ շարունակ, մինչև կարմիր ոճրի նողկալի քրքի՜ջը խեղդվի, մինչև արդարության ու ճշմարտության վսեմ գո՜րծը հաղթանակի: Եվ այն ժամանակ, հավատա՛, նահատա՜կ ժողովուրդ, արյունարբու թշնամի՛դ անգամ ծունկ կչոքի ու կկոչի՝ «հարգա՜նք քեզ»,- մասնավորապես գրում է Ահարոնյանն իր «Հարգանք քեզ» հոդվածում՝ ողբալով Մեծ եղեռնի հետևանքով իր ժողովրդի մի մասի կորուստը։ Երիտդաշնակցականները, փաստորեն, ոգևորված գրողի այս հոդվածից՝ որոշել են «զարկ»-ի մղել հայ ժողովրդին ու մասնավորապես երթի մասնակիցներին։ 

Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ երթն այս տարի մեկնարկելու է ոչ թե «Ազատության», այլ՝ Հանրապետության հրապարակից։ «Ապրիլի 23-ը հենց այն օրն է, երբ պահանջատիրության ջահը հայ մարդը իր հետ պետք է բարձրացնի Ծիծեռնակաբերդ։ Կարելի է ասել՝ սա հարգանքի տուրք է մեր 1.5 միլիոն նահատակների հիշատակներին, որովհետև Ցեղասպանությունը իրականության մեջ քաղաքական գործողություն է։ Թուրքիայի կողմից քաղաքական գործողություն էր հայ ժողովրդի բնաջնջմամբ, թուրքիզմի գաղափարախոսության իրականացմամբ, և հետևաբար սրա հատուցումն ու պատասխանատվությունը ևս պետք է լինեն քաղաքական։ Մեր քաղաքական ձևակերպումը սրան հենց պահանջատիրությունն է։ Այն պատասխանատվության պետք է ենթարկի այսօրվա Թուրքիային, որը ուրացման քաղաքականություն է վարում և բացահայտ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը իր եղբայր Ադրբեջանի հետ։ Այս ամենը կանխելու մի տարբերակ կա՝ Թուրքիային պետք է ծնկի բերել և պահանջ դնել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հատուցել իր գործած բոլոր մեղքերի համար»,- նախաերթային խրոխտ առոգանությամբ ազդարարել է երիտդաշնակցականը։ Ինչպես ասում են՝ աղե՛կ, եղբայր, ինչ ասում ես՝ աղվոր ես ասում, բայց որ ավելի քան  80-միլիոնանոց ՆԱՏՕ-ի անդամ  Թուրքիային ծնկի բերելու ձևն էլ մոտավորապես ցույց տաս՝ շատ ավելի աղեկ ու աղվոր կըլլա։ 

Քանի որ «զարկ»-ի ուղերձով է այս տարի երթն իրականացվելու, թերևս մեզ թույլ տանք ենթադրել, որ Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելուց հետո երիտդաշնակցականների թափորը կշարժվի Թուրքիա՝ զարկելու, ծնկի բերելու ու իր պահանջատիրությունը Էրդողանի կառավարությանը պարտադրելու համար։ 

Ճակատագրի հեգնանքով ՀՅԴ-ն իր ողջ ռեսուրսով հեղափոխությունից հետո չի կարողանում հրաժարական պարտադրել իշխանությանը, տեսնես Էրդողանին որևէ բան պարտադրել կկարողանա՞։ 
 
Հ. Մ.