Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կան անհերքելի ապացույցներ, որ Զավեն Գրիգորյանը դեպքին ներկա չի եղել»․ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կապված միջադեպի գործով մեղադրյալներից մեկի քրեական հետապնդումը դադարեցվեց

«Կան անհերքելի ապացույցներ, որ Զավեն Գրիգորյանը դեպքին ներկա չի եղել»․ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կապված միջադեպի գործով մեղադրյալներից մեկի քրեական հետապնդումը դադարեցվեց
Հասարակություն
18:01, 17 сентябрь 2021
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Զավեն Գրիգորյանի նկատմամբ շուրջ 2 տարի անց դադարեցվեց քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին Civic.am-ին հայտնեց Զավեն և Հարություն Գրիգորյանների պաշտպան Լևոն Սահակյանը։ 

Հիշեցնենք, որ խոսքը մոտ 2 տարի առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած մի միջադեպի մասին է, համաձայն որի՝ Հարություն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, եղբոր՝ Զավեն Գրիգորյանի և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Հիշեցնենք, որ Հարություն Գրիգորյանը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն էր։

Լևոն Սահակյանը նշեց, որ սկզբում երկու եղբայրներն էլ կալանավորվել էին, սակայն հինգ ամիս հետո Զավեն Գրիգորյանն ազատ արձակվեց, և շուրջ երկու տարի հետո հանցակազմի բացակայության հենքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ 

«Զավեն Գրիգորյանի մասով մենք դատավարության հենց սկզբից պնդել ենք, որ նա դեպքին ներկա չի եղել, ու այդ պնդումների վերաբերյալ գործում առկա էին անհերքելի ապացույցներ։ Չնայած այդ անհերքելի ապացույցներին՝ վարույթն իրականացնող մարմինը շուրջ երկու տարի սպասեց՝ որևէ գործողություն չկատարելով, հիմա հասկացան, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցնեն։ Այս գործով ես նույնիսկ գլխավոր դատախազին էի հրավիրել դատաքննության և հայտարարել էի, որ եթե դատարանը գա եզրահանգման, որ Զավեն Գրիգորյանը մեղավոր է իրեն մեղսագրվող հանցանքում՝ ես պատրաստ եմ հրաժարվել արտոնագրիցս։ Այսինքն՝ մենք արդեն ունենք անհերքելի փաստ, որ Զավեն Գրիգորյանը կապ չունի այդ ամենի հետ»,- ասաց Լևոն Սահակյանը։

Նրա խոսքով՝ գործով կրկին հաստատվում է այն հանգամանքը, որ Հարություն Գրիգորյանը միայն ինքն է կոնֆլիկտ ունեցել Արա Մխիթարյանի հետ, ուրիշ մեկը կոնֆլիկտ չի ունեցել։ «Բացի դրանից, այն հանգամանքը, որ Արա Մխիթարյանի հետ, Հարությունից բացի, այլ անձինք են կոնֆլիկտ ունեցել, պնդում են բացառապես այն մի քանի վկաները, տուժողները, որոնք  պնդում էին, թե Զավեն Գրիգորյանը եղել է դեպքի վայրում, և ինքն էլ է հարվածել Արա Մխիթարյանին, այն նույն անձինք էին, որոնք պնդում էին, թե իբր Տրդատ Սարգսյանն էլ է եղել դեպքի վայրում, թե իբր Մուշեղ Ներսիսյանն էլ է եղել դեպքի վայրում»,- ասաց Լևոն Սահակյանը
Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչը որոշում է կայացրել այդ պնդումներն արած անձանց նկատմամբ չիրականացնել քրեական  հետապնդում՝ սուտ մատնության հատկանիշներով, ինչն իրենք կբողոքարկեն։

Լևոն Սահակյանի խոսքով՝ փաստորեն իրավապահ մարմիններին, դատախազությանը, քննչական կոմիտեին ամիսներ, տարիներ շարունակ մատների վրա պտտեցրած անձինք, իրենց ակնհայտ կեղծ տեղեկություններով, հնարավոր է ազատվեն քրեական պատասխանատվությունից, բայց փաստաբանը չի կարծում, որ դա հնարավոր է։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին մեղադրյալ Գրիգոր Հարությունյանի պաշտպանը գրավի միջնորդություն էր ներկայացրել, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը։ 

Լիլիթ Թադևոսյան