Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տրդատ Սարգսյանի նախկին օգնականի պաշտպանը միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել ՊՆ սպային ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Հարություն Գրիգորյանին

Տրդատ Սարգսյանի նախկին օգնականի պաշտպանը միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել ՊՆ սպային ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Հարություն Գրիգորյանին
Իրավունք
17:11, 09 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արտաշատի առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար մեղադրվող Հարություն Գրիգորյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ Հարություն Գրիգորյանը Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնականն էր։

Շուրջ երկու տարի առաջ Եղեգնաձորում կատարված դեպքից մինչ օրս փոխգնդապետ Արա Մխիթարյանը գիտակցության չի եկել։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Հարություն Գրիգորյանը մեկ անգամ բռունքով հարվածել է սպային, որից էլ նա մարմնական վնասվածք է ստացել և ընկել կոմայի մեջ։ 

Արա Մխիթարյանի հայրը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ տղայի առողջական վիճակը վերջին օրերին էլ ավելի է վատացել։ 

Ամբաստանյալի պաշտպան Լևոն Սահակյանը անհապաղ քննարկման միջնորդություն ներկայացրեց դատարան՝ Հարություն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Պաշտպանի խոսքով՝ բոլոր վկաները հարցաքննված են, և Հարություն Գրիգորյանի ազատության մեջ մնալը չի կարող խոչընդոտել գործի հետագա քննությանը։ Լևոն Սահակյանը նաև ընդգծեց, որ իր պաշտպանյալն ինքնակամ է ներկայացել իրավապահներին և արդեն երկու տարի է՝ անազատության մեջ է։ Պաշտպանը հիշատակեց, որ դատարանը պետք է հաշվի առնի նաև Հարություն Գրիգորյանի ընտանեկան կարգավիճակը, քանի որ նա ընդամենը մեկ ամիս էր ամուսնացած, երբ կալանավորվեց, և իր կինը մինչ օրս ամուսնուն է սպասում։ Լևոն Սահակյանն իր միջնորդությամբ մեկնաբանեց, որ խմբակային հանցագործության փաստային հանգամանքները հակասական են, և չբացառեց արարքի վերաորակումը, այսինքն՝ ենթադրյալ հանցագործությունը խմբակային չի կատարվել։ Սակայն մեղադրող դատախազը՝ Մամիկոն Մարտիրոսյանը, պնդեց, որ արարքի վերաորակման հարց չի տեսնում, որովհետև գործի հանգամանքներով՝ մի քանի անձինք են հարվածներ հասցրել սպային։ Դատախազն առարկեց միջնորդության դեմ։   

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17:50-ին:  

Նշենք, որ Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 112-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով։ Հարություն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը։ Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ամբաստանյալի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, որը ևս դեպքից հետո կալանավորվել էր, սակայն նա գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Զավեն Գրիգորյանի կողմից դեպքին միջամտություն ունենալու վերաբերյալ քննությունը դեռևս շարունակվում է՝ նախաքննության փուլում է։ 

Ըստ պաշտպանական կողմի՝ ՊՆ փոխգնդապետը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, և զինծառայողների կողմից հայհոյանքներ են հնչել նախքան միջադեպը։