Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական դավաճանության գործով նիստին 2 մեղադրյալներն էլ ներկայացել էին․ Տեսանյութ

Պետական դավաճանության գործով նիստին 2 մեղադրյալներն էլ ներկայացել էին․ Տեսանյութ
Իրավունք
17:48, 06 июль 2021
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Պետական դավաճանություն կատարելու համար մեղադրվող Մայիս Սահակյանի և նրա կնոջ՝ Ստելլա Սարգսյանի գործով դատական նիստը։ Նախորդ նիստին չէին ներկայացել ամբաստանյալի կինը և պաշտպանը։

Այսօր դատարան ներկայացած Ստելլա Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին, որպեսզի ներգրավվեն գործում որպես պաշտպան, ինչպես նաև ժամանակ խնդրեցին՝ գործի նյութերին ծանոթանալու համար։

Մինչև դատական նիստը հետաձգելը դատավորը որոշ մանրամասներ հարցրեց մեղադրյալների կենսագրությունից։ Պարզվում է, որ Մայիս Սահակյանը մինչև ազատարզկվելն աշխատել է «Էրեբունի պլազայում»՝ որպես անվտանգության աշխատակից և խնամքին ունեն մեկ անչափահաս երեխա։ Նրա կինը՝ Ստելլա Սարգսյանն ասաց, որ չի աշխատում։ Ամուսինների կրթությունը միջնակարգ է։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ նիստին չէին ներկայացել Ստելլա Սարգսյանը և պաշտպանը։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Մայիս Սահակյանը կնոջ օժանդակությամբ, լրտեսության, պետական և ծառայողական գաղտնի տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն։ Կնոջը՝ Ստելլա Սարգսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու կողմից, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները։

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին, ժամը 12-ին։   

Տեսանյութն՝ այստեղ