Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե մարզպետն այնտեղ լիներ, նման դեպք չէր լինի, վատ է, որ այնտեղ չեմ եղել. ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը ցուցմունք է տալիս դատարանում

Եթե մարզպետն այնտեղ լիներ, նման դեպք չէր լինի, վատ է, որ այնտեղ չեմ եղել. ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը ցուցմունք է տալիս դատարանում
Հասարակություն
15:16, 09 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արտաշատի առաջին ատյանի դատարանում շարունակվեց փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար մեղադրվող Հարություն Գրիգորյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ Հարություն Գրիգորյանը Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնականն էր։

Շուրջ երկու տարի առաջ Եղեգնաձորում կատարված դեպքից մինչ օրս փոխգնդապետ Արա Մխիթարյանը գտնվում է կոմայի մեջ։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Հարություն Գրիգորյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է սպային, որից էլ նա մարմնական վնասվածք է ստացել և ընկել կոմայի մեջ։

Դատական նիստին ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և իր փաստաբան Պարույր Սաֆարյանը։ 

ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ ամբաստանյալն աշխատել է որպես իր օգնական, իսկ տուժող կողմին չի ճանաչում։ 

Անդրադառնալով գործի հանգամանքներին՝ Տրդատ Սարգսյանն ասաց, որ 2019թ. սեպտեմբերին ինքը Ջերմուկ քաղաքից գնացել է Եղեգնաձոր. «Հարություն Գրիգորյանի հետ եղել ենք իմ ավտոմեքենայով, իրեն իջեցրել եմ մարզպետարանի շենքի մոտ ու գնացել իմ բնակարան։ Այնուհետև զանգ եմ ստացել Հարություն Գրիգորյանից, նա ինձ ասել է, որ ուզում է զրուցել ինձ հետ»։ 

Տրդատ Սարգսյանի խոսքով՝ երբ իր օգնականը պատմել է իրեն միջադեպի մասին, նա կապ է հաստատել մարզային Ոստիկանության հետ, այնուհետև իր առաջարկով իր օգնականը գնացել է ոստիկանություն և պատմել դեպքի հանգամանքները։ 

Տրդատ Սարգսյանը նշեց, որ ոչ սթափ զինվորականները հետապնդել են իր նախկին օգնական Հարություն Գրիգորյանին մինչև նրա բնակարան, սակայն հետապնդումը հանգեցրել է կոնֆլիկտի, քաշքշուկ է եղել, և սպաներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։

Տրդատ Սարգսյանն ասաց, որ, իր հիշելով՝ ինչպես իրեն են պատմել, հարվածից հետո սպա Արա Մխիթարյանն ընկել է։ 

Մեղադրող դատախազը Տրդատ Սարգսյանից հետաքրքրվեց՝ վկաներից մի քանիսը պնդել են, որ Դուք ևս եղել եք դեպքի վայրում։ Ի պատասխան այս դիտարկման՝ պատգամավորը նշեց. «Ես տվյալ վայրում չեմ եղել, տեսախցիկների ձայնագրությունները կան, այն շենքում, որտեղ ես բնակվել եմ, այնտեղ կա ատամնաբուժարան, և տեսախցիկներ են տեղադրված, որոնցով հստակ երևում է, թե ես երբ եմ մտնում բնակարան և երբ եմ դուրս գալիս։ Այն ցուցմունքները, թե ես եղել եմ դեպքի վայրում, ակնհայտ սուտ են, սակայն չգիտեմ, թե սուտ ցուցմունքների մոտիվները որոնք են։ Այս գործը միշտ քաղաքականացվել է, և շարունակում են քաղաքականացնել»։

Տուժողի իրավահաջորդը՝ սպա Արա Մխիթարյանի հայրը, ևս հարցեր ուղղեց պատգամավորին. «Այն զինվորականներին, որոնց ցուցմունքները սուտ եք հանում, Դուք իրենց ճանաչել ե՞ք, եթե այնտեղ չեք եղել, բանից տեղյակ չեք եղել ու մեղավոր չեք, ես հեռուստատեսությամբ վեց ամիս խնդրեցի, որ գաք ինձ տեսնեք, ինչո՞ւ չեկաք»։ 

Ի պատասխան՝ Տրդատ Սարգսյանն ասաց, որ զինվորականներին նախկինում չի ճանաչել, երբեք չի տեսել. «Ինձ ասել են, որ այդ զինվորականների հրամանատարական կազմը եկել է հիվանդանոց, այնտեղ գտնվող զինվորականներն այնքան հարբած են եղել, որ նույնիսկ իրենց հրամանատարին չեն ճանաչել։ Ինչ վերաբերում է, թե ինչու չեմ զանգել՝ Դուք ինձ վիրավորել եք, մեղադրել եք հանցագործությունների մեջ, ես դա ընդունել եմ որպես վրդովված ծնողի խոսք և թողել եմ, որ հանդիպումը դատաքննության փուլում լինի։ Եթե մարզպետն այնտեղ լիներ, նման դեպք չէր լինի»։

Այսօր դատակոչված վկաների ցանկում են նաև Դավիթ Նազարյանը, Մուշեղ Ներսիսյանը, Զավեն Գրիգորյանը, Արթուր Կոստանյանը։