Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այստեղ իրենք իրենց լռությամբ են խոսում. զոհվածի հարազատը՝ Եռաբլուրում հանգչող զինծառայողների մասին․ Տեսանյութ

Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի մեկ տարին։

Եռաբլուրն այսօր մարդաշատ էր, առավոտ կանուխ Եռաբլուր էր այցելել և հարգանքի տուրք մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև այլ պաշտոնյաներ և զոհվածների հարազատներ։

Եռաբլուրում Civic.am-ը զրուցեց զոհվածների հարազատների հետ, որոնք պատմեցին իրենց հարազատների անցած մարտական ուղու և կյանքի մասին։

Ժամկետային զինծառայող  Արամ Մկրտչյանի բարեկամուհին պատմեց, որ Արամն իր եղբոր թոռն է, իր եղբոր գերդաստանից երեք հոգի զոհվել են։

«Արամը նորակոչիկ էր, 5-րդ պաշտպանականում էր ծառայում, եղբորս կրտսեր տղան՝ Կամո Բախշյանը, հետախուզության ծառայող էր՝ սակրավոր տանկիստ, 14 տարվա մարտական ուղի անցած՝ հերոսական անցյալով, իսկ Բախշյան Մուրադը Մարտակերտից կամավոր սկզբունքով մինչև Ջեբրայիլ բազմաթիվ անգամ զենք-զինամթերք է հասցրել, բայց պատերազմի ավարտից 1 ամիս հետո զոհվեց Մարտակերտում՝ ականի պայթյունից»,- ասաց Արամի բարեկամուհին։

Մենք զրուցեցինք նաև ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանի այրու հետ։ Նա պատմեց, որ իր ամուսինը դիմածնոտային վիրաբույժ էր Միքայելյանի անվան հիվանդանոցում, և այս տարվա սեպտեմբերին պետք է տեղափոխվեին Ստեփանակերտ, քանի որ երկուսն էլ Ստեփանակերտից էին։

Նարեկը վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ի երեկոյան, Ակնայի մոտ՝ վիրավորի հետևից գնալիս, վիրահատվել է հոկտեմբերի 11-ին, բայց, ցավոք, հոկտեմբերի 19-ին մահացել է։ 

Զինծառայող Շանթի հարազատներից մի կին էլ ասաց, որ զոհված զինծառայողներն իրենք իրենց լռությամբ են այստեղ խոսում։ Հարազատներից շատերն էին ցանկանում պատմել իրենց հարազատների մասին, բայց ի վիճակի չէին տեսախցիկի առջև խոսել։