Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կորոնավիրուսի դեմ սահմանափակումները կխստացվեն

Արցախում կորոնավիրուսի դեմ սահմանափակումները կխստացվեն
Հասարակություն
20:26, 01 ноябрь 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական  վիճակին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Վերջինիս խոսքով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին մոտ տասնապատիկ  աճել են ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ: Սակայն, ըստ նախարարի,  հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհի առաջատար փորձը, հակառակ դեպքում՝ գործադրվող բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն կարող ապահովել:

Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարը խիստ մտահոգիչ է համարել  վարակվածության դեպքերի դինամիկ աճը, ընդգծել այդ նպատակով գործող  սահմանափակումներն ավելի խստացնելու իշխանությունների վճռականությունը: Այդ կապակցությամբ նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ից: