Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցի վարչատնտեսական և ուսումնական կառավարումը տարանջատվելու է. Խորհուրդը կկարողանա դպրոցի տնօրենին անվստահություն հայտնել. ԿԳՄՍ նախարար

Դպրոցի վարչատնտեսական և ուսումնական կառավարումը տարանջատվելու է. Խորհուրդը կկարողանա դպրոցի տնօրենին անվստահություն հայտնել. ԿԳՄՍ նախարար
Հասարակություն
12:01, 25 ноябрь 2021
 
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Կառավարության հերթական նիստում քննարկվում է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելու համարելու մասին հարցը:

Ինչպես նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, առաջարկվող փոփոխությունները ուղղված են հանրակրթության կառավարման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման և խրախուսման, ինչպես նաև հանրակրթության ներառականության և բովանդակային բարեփոխումներին:

«Համակարգում ուսուցչի մասնագիտական չափորոշիչների ներդրումը  հնարավորություն կտա գործարկել ուսուցչի աշխատանքային առաջխաղացման մեխանիզմը, այն դարձնել չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցել վարձատրության համակարգին տարակարգերի շնորհման միջոցով»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ հրաժարվելու են միատեսակ ու միաչափ վերապատրաստումներից և անցում են կատարելու մասնագիտական չափորոշչից բխող վերապատրաստումներին. «Հնարավորություն կստեղծվի նաև իրականացնել ատեստավորման տարբեր ընթացակարգեր, այդ թվում՝ գիտելիքների ստուգման վրա հիմնված կամավոր ատեստավորում»:
Նախարարի խոսքով՝ դպրոցները կստանան մանկավարժական ինքնավարության հնարավորություն. «Առաջարկվող փոփոխությամբ կրթական չափորոշիչը կհիմնվի ոչ միայն գիտելիքի, այլև ամբողջական կարողունակության վրա՝ կարևորելով գիտելիքը, հմտությունը, արժեքն ու դիրքորոշումը»:

«Տարանջատվում է դպրոցի վարչատնտեսական և ուսումնական կառավարումը: Վարչատնտեսական կառավարումը կիրականացվի մի քանի դպրոցների համար կենտրոնացված ձևով՝ բարձրացնելով դպրոցի հաշվապահության և այլ գործառույթների որակը: Դպրոցի գործադիր մարմնի ոչ թե ընտրովի, այլ նշանակովի լինելը թույլ կտա լուծել դպրոցների խորհուրդների ուղղորդված ձևավորման խնդիրը, որի պարագայում կոլեգիալ կառավարման մարմինը վերածվում էր ընդամենը տնօրեն ընտրող ոչ մասնագիտական մարմնի: Ընդ որում, խորհուրդը կունենա դպրոցի տնօրենին անվստահություն հայտնելու հնարավորություն»,- նշեց Վահրամ Դումանյանը և հավելեց, որ գործող տնօրենների համար կիրականացվի ատեստավորման գործընթաց՝ հավաստագրման գործընթացի փոխարեն: