Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քայլ դեպի անսահմանություն». Մարտունի քաղաքում համայնքային ազդեցության նախագիծ է իրականացվում

«Քայլ դեպի անսահմանություն». Մարտունի քաղաքում համայնքային ազդեցության նախագիծ է իրականացվում
Հասարակություն
17:56, 23 декабрь 2021
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Գիգուշ Մկրտչյանը Իջևանից գործուղվել է Արցախ և դասավանդում է ԱՀ Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան համար 1 միջնակարգ հոսքային դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ:

Նա աշակերտների հետ նախաձեռնել և կազմել է «Քայլ դեպի անսահմանություն» նախագիծը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գ. Մկրտչյանն ասել է, որ կան տարբեր ընկերություններում աշխատող ծրագրավորողներ, ովքեր պատրաստ են օգնել աշակերտներին, խորհուրդներ և ուղղություն տալ. աշակերտները նրանց ուղարկած օնլայն նյութերը համակարգչային դասասենյակում արդեն ինքնուրույն սովորում են:

«Նախագծի իրագործման դեպքում՝ դպրոցում կձևավորվի աշակերտների թիմ, որը կօգտագործի դպրոցի հնարավորությունները և կսկսի զբաղվել WEB ծրագրավորմամբ։ Աշակերտները կուսումնասիրեն ծրագրավորման HTML, CSS, jаvascript լեզուները և որոշ ժամանակ անց կպատրաստեն կայք քաղաքի համար, որից հետո կկարողանան ընդունել կայքերի պատրաստման պատվերներ։ Կայքն իրենից կներկայացնի առևտրային հարթակ, որտեղ Մարտունու բնակիչները կկարողանան տեղադրել իրենց հայտարարություննները։ Խմբի հաջողությունները ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն կառաջացնեն համայնքի մյուս բնակիչների մոտ, և այդպիսով գործընթացը կդառնա շարունակական՝ քաղաքում գրանցելով նաև տնտեսական աճ»,- նշեց Գ. Մկրտչյանը: