Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում բացվեց 602-րդ «Արմաթ» ինժիներական լաբորատորիան. Տեսանյութ

Այսօր Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցում  բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որին մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։ Ներկա էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի սաների ծնողները, դպրոցի  աշխատակազմն ու աշակերտները։ Լաբորատորիան դպրոցում իրականություն է դարձել բարերար Րաֆֆի Տեր-Մարտիրոսյանի հովանավորչությամբ։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ցանցը հիմնվել և օրեցօր իր սահմաններն է ընդլայնում  2014 թվականից՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։ 

Դպրոցականներն «Արմաթ»-ում սովորում են ռոբոտաշինության և ծրագրավորման հիմունքներ։ Ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն իր խոսքում նշեց, որ սա 602-րդ  «Արմաթ»-ն է, որտեղ այժմ կամավոր հաճախում է 16.000 երեխա։

Նորաբաց լաբորատորիան նվիրված է դպրոցի սաներ՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Նարեկ Ղարիբյանի, Գրիգոր Հովսեփյանի, Խաչատուր Պողոսյանի և Թեյմուրազ Մակոյանի հիշատակին։ 

Լաբորատորիայի բացմանը ելույթներով հանդես եկան նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը։

Սյուզի Սիրականյան