Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանադրական դատարանին կարծես թե չի հուզել, թե աշխատողը ում հաշվին պետք է ՊՇՌ թեստ հանձնի. Գևորգ Գյոզալյան

Սահմանադրական դատարանին կարծես թե չի հուզել, թե աշխատողը ում հաշվին պետք է ՊՇՌ թեստ հանձնի. Գևորգ Գյոզալյան
Հասարակություն
16:50, 24 декабрь 2021
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանը մասնակի հրապարակեց աշխատողի հաշվին գործատուին ամսական երկու անգամ ներկայացվող ՊՇՌ թեստերի վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանի Սահմանադրությանը համապատասխանելու որոշումը։ 

Ըստ ՍԴ որոշման՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը՝ իր հաշվին» նախասդասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչվել է հակասահմանադրական։ 

Civic.am-ի հետ զրույցում փաստաբան Գևորգ Գյոզալյանը նշեց, որ ՊՇՌ թեստերի վերաբերյալ ՍԴ որոշումը դեռ շուտ է մեկնաբանելը, քանի որ ամբողջական որոշումը չի հրապարակվել. ««Իր հաշվին» բառակապակցությունն է ճանաչվել հակասահմանադրական, այսինքն՝ այդ պարագայում աշխատողը պարտավոր է ՊՇՌ հետազոտություն իրականացնել, բայց եզրափակիչ մասից պարզ չէ, թե ով է անելու այդ վճարումը՝ պետությունը, թե գործատուն, քանի որ ՊՇՌ թեստը վճարովի հիմունքներով ծառայություն է»։     

Փաստաբանն ասաց, որ նախքան ՍԴ ամբողջական որոշումը հրապարակելը՝ կարելի է ենթադրել, որ Սահմանադրական դատարանը ցանկացել է ասել, որ այն բոլոր դեպքերում, երբ գործատուն որոշում է իր աշխատողների համար ՊՇՌ թեստի համար փոխհատուցել, դա նորմալ է, կամ որոշակի դեպքերում պետությունը որոշակի խոցելի խմբերի համար որոշում է ինքը վճարել. «Այսինքն՝ ՍԴ-ն ասում է՝ այս հարցերը առողջապահության նախարարությունը չի, որ պետք է կարգավորի։ Այս հարցերը պետք է կարգավորվեն լրիվ այլ օրենքներով ու իրավական ակտերով»։  

Այնուամենայնիվ, փաստաբանը եզրահանգեց, որ Սահմանադրական դատարանին կարծես թե չի հուզել, թե աշխատողը ում հաշվին պետք է ՊՇՌ թեստ հանձնի. «Ասել է՝ աշխատողը իր հաշվին պետք է չանի, որովհետև դա առողջապահության նախարարության որոշելիք հարցը չէ, որովհետև աշխատողը կարող է պայմանավորվում է գործատուի հետ, և գործատուն է վճարում։  ՍԴ-ն կարծես թե ասել է՝ առողջապահության նախարարություն, դուք ձեր քիթը մի խոթեք գործատու-աշխատող հարաբերությունների մեջ»։  

Ինչ վերաբերում է արդեն իսկ վճարած ՊՇՌ թեստերի գումարները վերադարձնելուն՝ Գևորգ Գյոզալյանը նշեց, որ եզրափակիչ մասից որևէ հստակ հետևության չենք կարող գալ, և որևէ մեկը չի կարող ասել, որ այդ գումարները, որ ՊՇՌ թեստի համար վճարվել են, ենթակա են վերադարձման. «Չի բացառվում, որ ամբողջական որոշումը հրապարակվելուց գանք նման հետևության՝ տեսնելով պատճառաբանական կապը»։  
  
Նարա Մարտիրոսյան