Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նստած չենք սպասում ինչ-որ բանի, աշխատում ենք, որ ինչ-որ լավ բան լինի, չենք պատրաստվում կորցնել ոչ հող, ոչ՝ ինքնություն․ Արցախում Ամանորը տոնական են նշել

Նստած չենք սպասում ինչ-որ բանի, աշխատում ենք, որ ինչ-որ լավ բան լինի, չենք պատրաստվում կորցնել ոչ հող, ոչ՝ ինքնություն․ Արցախում Ամանորը տոնական են նշել
Հասարակություն
14:54, 03 январь 2022
Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի Արցախում տոնական շունչ էր զգացվում։ Տեղադրվել էին տոնածառեր, ամանորյա տոնական լույսեր։ Պատերազմից հետո Արցախ 115 հազար մարդ է վերադարձել։ Պետությունը աջակցության բազմաթիվ փաթեթներ է առաջարկում վերադարձածներին, սակայն ոչ բոլոր արցախցիներն են վերադարձել Արցախ։ Նրանց մի մասը մնացել է Հայաստանում, մի մասը, ցավոք, արտագաղթել է։  

Civic.am-
ը զրուցեց Արցախի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է տրամադրությունը, միջավայրը համայնքներում։  

Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ բավական տոնական միջավայր էր, չնայած ուրախությունը չի կարող լիարժեք լինել, սակայն, նախորդ տարվա համեմատ, ահագին տոնական տրամադրություն էր տիրում։ «Նոր տարի, նոր հույսեր։ Մարդկանց մի մասը գնացել էր Հայաստան, սակայն մի մասն էլ մնացել էր համայնքում։ Ամեն տարվա պես գնացել ենք եկեղեցի, այնտեղ դիմավորել ենք, երազել ենք խաղաղություն ու հաղթանակներ»,- ասաց Անդրանիկ Չավուշյանը։  

Խոսելով ակնկալիքներից, 2022-ի սպասումներից՝ Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ ակնկալիքները միայն Արցախի համար չեն, այլ՝ ողջ Հայաստանի։ «Մերը միայն ակնկալիքներ չեն, նստած չենք սպասում ինչ-որ բանի, այլ աշխատում ենք, որ ինչ-որ լավ բան լինի, չենք պատրաստվում կորցնել ոչ մի բան, ոչ հող, ոչ ինքնություն։ Պատերազմից հետո ավելի ակտիվացել ենք և աշխատանքով պետք է ապացուցենք սերը հայրենիքի, ընտանիքի նկատմամբ։ Խոսքով կարող ենք սիրել, բայց խոսքով տիեզերք էլ են հասնում. աշխատանք է պետք», - ասաց Անդրանիկ Չավուշյանը։

Չավուշյանը նշեց, որ Կառավարությունը պետք է ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստի, որոշումները կայացնելիս ավելի թափանցիկ լինի, ժողովուրդը պետք է տեղեկացված լինի։ Արցախի ինքնորոշման հարցով հայ ժողովուրդը, ըստ Չավուշյանի, ունի միասնական դիրքորոշում, ինչը Չավուշյանը դրական գնահատեց և նշեց, որ այդ սկզբունքի կողքին շատ մարդիկ կան կանգնած, ժողովրդական լայն աջակցություն և համախմբում կա։

Չավուշյանը դատապարտեց Արցախի և Հայաստանի տարանջատման փորձերը։ «Մենք ամբողջական հայրենիք ենք՝ մեկ ազգ, մեկ ժողովուրդ։ Գիշեր-ցերեկ պետք է աշխատենք, բոլոր առումներով, Կառավարությունն էլ եթե ճիշտ աշխատի, մենք իրենց կողքին կլինենք, իրենց ճշտի կողքին կլինենք, հակառակ դեպքում գնահատականը կլինի մինուս»,- ասաց Անդրանիկ Չավուշյանը։