Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե վարչապետը չընդունի, պիտի մնանք էստեղ. շիրակցի 33 գերիների հարազատները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի հետ

Եթե վարչապետը չընդունի, պիտի մնանք էստեղ. շիրակցի 33 գերիների հարազատները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի հետ
Հասարակություն
17:39, 11 январь 2022
Կառավարության շենքի մոտ շիրակցի գերիների հարազատները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ազատություն Ադրբեջանի բանտերում պահվող ռազմագերիներին։ Նշենք, որ շիրակցի 33 գերիների հարազատները նաև Ամանորի գիշերն էին հավաքվել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց տղաներին։

Գյումրիից Երևան ժամանած գերեվարված զինծառայողներից մեկի եղբայրը՝ Արկադին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետական կառույցներն ասում են՝ բանակցություններն ընթանում են, բայց իրենք դեռ ոչ մի արդյունք չեն տեսել. «Ճիշտ է, կան վերադարձվող գերիներ, բայց ինձ համար կոնկրետ արդյունք չկա, որովհետև իմ եղբայրը դեռ տուն չի եկել արդեն 1 տարի 2 ամիս է»։ 

Նշենք, որ շիրակցի գերեվարված տղաներից 29-ը արդեն իսկ հայրենադարձվել են, իսկ 33-ը դեռևս պահվում են Ադրբեջանի բանտերում։ 
Հարցին՝ հնարավորություն կա՞ զրուցելու գերեվարված հարազատների հետ, գերեվարված զինծառայողի եղբայրն արձագանքեց. «Ամեն ամիս կամ հեռախոսազանգ ենք ունենում, կամ վիդեո ու նամակ ենք կարողանում միմյանց փոխանցել Կարմիր խաչի միջոցով»։ 

Հարազատներից մեկն էլ ասաց, որ վարչապետի հետ վեց ամիս առաջ հանդիպում են ունեցել, ասել են՝ 2 ամիս էլ թող տղաները համբերեն՝ լավ կլինի: «Արդեն 1 տարի 3 ամիս է անցել մեր տղաների գերությունից, էրթանք Ալիևի՞ն դիմենք, ըդիկ էնե՞նք, էտ էլ կենենք, հարց չկա։ Գերեվարվածների ծնողներից 2-ը մահացան, չտեսան իրենց տղաներին»,- ասաց նա։ 

Հարազատների խոսքով՝ Կառավարությունից իրենց առաջարկել են հանդիպել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, սակայն իրենք հենց վարչապետի հետ են նախընտրում հանդիպում ունենալ. «120 կմ կտրինք հասանք ստեղ, որ ասեն՝ երեք հոգով Նաիրու հե՞տ հանդիպենք։ Եթե վարչապետը չընդունի, պիտի մնանք ստեղ»։    

Շիրակցի գերիների հարազատները կասկած ունեն, որ իրենց տղաներին ճիշտ են ուղղորդել դիրքեր: «Դեկտեմբերի 1-ից եթե Լաչինը հանձնել էին, մեր տղերքին ինչի էին տարել էնտեղ, մեր տղաներին սկզբում ասել էին, որ տանում են Գորիս, Քաջարան։ Մեզ խոստում էին տվել, որ մինչև տարվա վերջ մեր տղաները պետք է գան, բայց չեն եկել»,- ասացին նրանք։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ՝ հրադադարի հայտարարությունից հետո Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերից գերեվարվեցին թվով 64 պահեստազորայիններ, որոնցից 62-ը Շիրակի մարզից էին։ Մինչ օրս Հայաստան է հայրենադարձվել շիրակցի գերեվարվածներից 29-ը։