Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսուչը կորոնավիրուսով պայմանավորված խախտում հայտնաբերելու դեպքում կարող է տնտեսվարողին տեղում վարչական պատասխանատվության ենթարկել

Այսօր`փետրվարի 7-ին, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Հարցի հմնական զեկուցող` վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման աշխատանքների գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հիշատակեց, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված 2020թ. սեպտեմբերի 4-ին ընդունվեց արտակարգ իրավիճակներով պայմանավորված բնակչության պաշտպանության մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որով տեսչական մարմիններին լիազորություն վերապահվեց, բացի ընթացիկ ստուգումներից իրականացնել նաև ստուգայցեր սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նպատակով: 

«Այս նախագծով մենք առաջարկում ենք հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից իրականացվող վարույթները` նախատեսելով, որ ստուգայցի արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում` հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձի կողմից դիտողություններ չներկայացնելու պարագայում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգայց իրականացնող պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ օրենքով սահմանված կարգով»,- ասաց հիմնական զեկուցողն ու ընդգծեց, որ տեսուչը ակնհայտ խախտում հայտնաբերելու դեպքում, երբ տնտեսվարողն էլ առարկություն չունի իր կողմից կատարած իրավախախատման վերաբերյալ, տեղում կկիրառի վարչական պատասխանատվություն, մինչդեռ գործող օրենքով անկախ տնտեսվարողի համաձայնությունից 30 օրյա ժամկետում է քննարկվում տնտեսվարողին պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Փոփոխությունը վերաբերում միայն արտակարգ համավարակի պայմաններում իրականացվող ստուգայցերին և վարույթներին»,-ընդգծեց Արթուր Ասոյանը:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց ուղղեց` արդյոք այդ ձևով չի խախտվում մարդու լսվելու իրավունքը և նշեց, որ տնտեսվարողին ժամանակ է պետք ծանոթանալու արձանագրությանը. «Հնարավոր է տնտեսվարողը նաև այդ պահին ձևական առումով ասի` դիտողություն ունեմ»,- ասաց պատգամավորը:

«Գործառույթի իրականացման մասով որևէ խնդիր չկա, որովհետև հատուկ նշվում է, որ տեղում արձանագրությունը կազմվում և պատասխանատվության միջոցը կիրառվում է բացառապես այն դեպքերում երբ տնտեսվարողը որևէ առարկություն չունի»,-պատասխանեց հիմնական զեկուցողն ու հավելեց, որ եթե տնտեսվարողն ունի առարկություն`ապա տեղում առարկում է համապատասխան արձանագրության մեջ նշելով այդ մասին. «Եվ այս պարագայում առաջնորդվում ենք գործող կանոնակարգով` այսինքն տնտեսվարողը հրավիրվում է և լսումներ են տեղի ունենում և դրա հիման վրա կիրառվում է պատասխանատվություն կամ չի կիրառվում: Իսկ եթե տնտեսվարողը ձևական է պատասխանել, որ առարկություն չունի և հետո գտել է, որ ամեն դեպքում կա խնդիր` ապա կարող է վերադասության կարգով բողոքարկել»: 

Հիմնական զեկուցողը նկատեց նաև` բարեխիղճ տնտեսվարողներ, և կան ոչ բարեխիղճ այցելուներ, որոնք չեն պահպանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պահանջները:

«Բացառություն չէ նաև մեր հանձնաժողովը»,-արձագանքեց Վլադիմիր Վարդանյանը նկատի ունենալով ընդդիմադիր պատգամավորներին, որոնք առանց դիմակի էին նստած:

Ինչին ի պատասխան` Արթուր Ասոյանը նշեց, որ այս դահլիճում չնայած ոմանք դիմակ չեն կրում, բայց դա տեսչական մարմնի վերահսկողությունից դուրս է, դա ոստիկանության տիրույթում է: 

Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին: Նածագծի երկրորդ ընթերցումը կկայանա առաջին ընթերցումից հետո 24 ժամյա ընթացքում: