Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարե, Մարիա, Դավիթ, Նարեկ․ Ո՞ր անձնանուններով են ամենաշատն անվանակոչել 2021-ին ծնված երեխաներին

Նարե, Մարիա, Դավիթ, Նարեկ․ Ո՞ր անձնանուններով են ամենաշատն անվանակոչել 2021-ին ծնված երեխաներին
Հասարակություն
16:43, 09 февраль 2022
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն ուշագրավ տվյալներ է ներկայացրել 2021 թվականին ըստ սեռի նորածիններին ավելի հաճախ տրված անունների վերաբերյալ։  Արական «ռեկորդակիր» անձնանունը «Դավիթ»-ն է, որով անվանակոչել են 1275 երեխայի, այնուհետ՝ «Նարեկ»-ը, «Մոնթե»-ն, «Տիգրան»-ը, «Արեգ»-ը, «Հայկ»-ը, «Մարկ»-ը, «Միքայել»-ը, «Ալեքս»-ը, «Արեն»-ը։  Հայերի շրջանում տարածում ունեցող «Արմեն» արական անձնանունը, նկատենք, այդքան էլ տարածված չի եղել 2021-ին, այդ անունով անվանակոչվել է 351 երեխա։ 
Անձնանունների ցանկը եզրափակում է «Մանվել»ը, որով կոչել են 68 նորածնի։

Իգական անձնանուններից «Նարե» անունով են 2021-ին ամենաշատն անվանակոչել՝ 750 աղջկա։ «Նարե» անունից հետո հաջորդ նախընտրելի անուններն են եղել «Մարիա», «Արփի»,»Մանե», «Անգելինա», «Մարի», «Եվա», «Մարիամ», «Անահիտ», «Սոֆի», «Աննա», «Անի» անունները։ Հայկական դիցարանի աստվածուհու՝ Աստղիկի, անունով 2021-ին ամենաքիչն են անվանակոչել՝ ընդամենը 81 աղջկա։  Նշենք, որ 2021 թվականին Երեւանում  17 521 աղջիկ եւ 19 064 տղա է ծնվել։  

Ըստ ԱՎԿ-ի՝ 2021թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնվածների շրջանում կազմել է 108.8 տղա՝ 100 աղջկա հաշվով: 2021թ. հունվար-դեկտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 105.8%, 2020թ. նույն ժամանակաշրջանի 100.5% -ի համեմատ։ 

ՀՀ-ում 2021 թ հունվար-դեկտեմբերին ծնվել է 36 585 մարդ, մահացել՝ 34 658 մարդ։ Բնական հավելաճը՝ 1 927 մարդ։  Գրանցվել է ամուսնության 17 165, ամուսնալուծության՝ 4 434 դեպք։  

Հեղինե Մանուկյան