Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները բացել են Սևան-Երևան ճանապարհը, քանի որ պայմանավորվել են հանդիպել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի հետ

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները բացել են Սևան-Երևան ճանապարհը, քանի որ պայմանավորվել են հանդիպել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի հետ
Հասարակություն
16:10, 24 март 2022
Երեկ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա վարչական շրջանների բնակիչները բավականին երկար ժամանակով փակել էին Երևան-Սևան ավտոճանապարհը։ Նրանք դեմ են համայնքների խոշորացմանը և չեն ցանկանում, որ իրենց գյուղը միանա Սևան քաղաքին։

Գեղարքունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը Civic.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ ուշ գիշերին՝ 4.30-5.00-ի սահմաններում, բնակիչները ճանապարհը բացել են, քանի որ պայմանավորվածություն ունեն, որ պետք է հանդիպեն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ  Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի հետ։ 

«Վարչատարածքային բաժանման մասին օրենքը երկրով մեկ այլևս կյանքի է կոչվել։ Ծովագյուղը և Սեմյոնովկան համարվում են Սևան խոշորացված համայնքի բնակավայրեր։ Այդ հասարակությանը պարտավոր են ծառայություն մատուցել, տեղում, գյուղապետարանը մնում է, բոլոր գործառույթները մնում են, հասարակությունն իր հարկերի ու տուրքերի և այլ ծառայությունների տեղեկանքները ստանում է տեղում։ Ես այդտեղ այլընտրանք չեմ տեսնում, և չի կարող լինել այլընտրանք»,- ասաց Վանիկ Հարությունյանը։ 

Նա նշեց, որ խոշորացումն ունի մեկ նպատակ՝ հասարակությանը որակյալ և մատչելի ծառայությունների մատուցում. ցանկացած բնակիչ՝ լինի հեռավոր գյուղի, թե շրջկենտրոնի, իր ծառայությունը ստանում է իր բնակավայրում։ 

 Մենք զրուցեցինք նաև Վահե Ղալումյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ բնակիչների հետ պայմանավորվել էին, որ պետք է այսօր հանդիպեին, սակայն նրանց իրավաբանը, որը պետք է ներկայացներ բնակիչների պահանջները, զբաղված էր, և բնակիչները լրացուցիչ կասեն, թե որ օրն են հանդիպելու։

«Կառավարության կողմից ներկայացված խոշորացման մասին նախագիծը ԱԺ-ն ընդունել է առաջին և երկրորդ ընթերցմամբ, որից հետո ընտրությունները կայացել են։ Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքները ընտրություններին չեն մասնակցել, բայց խոշորացված համայնքում ընտրությունները կայացել են»,- ասաց Վահե Ղալումյանը։ 

Լիլիթ Թադևոսյան