Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պահանջում ենք խաղաղ կյանքի երաշխիքներ մեր երեխաների համար, սա պայքար է հանուն կյանքի. Արցախցի կանայք ահաբեկչություն են անվանում Ադրբեջանի գործողությունները. Լուսանկարներ

Պահանջում ենք խաղաղ կյանքի երաշխիքներ մեր երեխաների համար, սա պայքար է հանուն կյանքի. Արցախցի կանայք ահաբեկչություն են անվանում Ադրբեջանի գործողությունները. Լուսանկարներ
Հասարակություն
16:44, 24 март 2022
Արցախցի մի խումբ կանայք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Ստեփանակերտի  մանկական հիվանդանոցի մոտ՝ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները արցախահայության հանդեպ որակելով ահաբեկչություն։ Ակցիայի մասնակից, Շուշի քաղաքի բնակչուհի Ալյոնա Սարգսյանն իր  ելույթում  մասնավորապես նշեց. «Սիրելի քույրեր և մայրեր, աշխարհի շարժիչ ուժը հենց կանայք են, սուգը հավերժ է, երբ չկա պայքար։ 44-օրյա պատերազմի պատճառով ես կորցրել եմ ամեն ինչ, և հարցը միայն նյութական արժեքների կորուստը չէ, այլ հայրենիքի զգալի մասի կորուստը։ 1919-1920թթ. Շուշիում հենց այս օրերին կատարվել է զանգվածային կոտորած։ Բայց վերջին օրերին ՄԱԿ-ի ներկայացուցիչները այցելել են օկուպացված, հայաթափված Շուշի և ոչ թե Ստեփանակերտ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները թիրախավորել են խաղաղ բնակչությանը և փորձում են հնարավոր բոլոր միջոցներով հայաթափել այն։ Ոտնահարված է նաև երեխաների կրթության իրավունքը։ Սա հումանիտար աղետ չէ միայն, այլ նոր ցեղասպանության ծրագիր։ Եթե հիմա լռենք, չմիաբանվենք, մեկ բռունցք չդառնանք, վաղը պատմության գրքերում նոր արյունալի էջեր են լինելու։ 44 օր շարունակ աշխարհը լռեց, խուլ, համր և կույր ձևացավ։ Բայց արցախցին չկոտրվեց, նա այստեղ է, որ տանտիրոջ իրավունքով ապրի և պաշտպանի իր հայկական հողը։ Եկեք համախմբվենք և մեր արդար պահանջը ներկայացնենք աշխարհին ի լուր։ Եկեք ո՛չ ասենք ահաբեկչությանը։ Արցախը մեր տունն է, մենք իրավունք ունենք ապրելու խաղաղ և արժանապատիվ կյանքով։ Մենք չենք տրվելու սադրանքների և չենք լքելու մեր հայրենիքը»։ 

Ակցիայի կազմակերպիչ Աննա Սարգսյանն էլ Civic.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հավաքը եղել է ինքնաբուխ, մասնակիցները որևէ քաղաքական ուժի չեն հարում, և իրենց նպատակը միջազգային կազմակերպությունների ուշադրությունը  Արցախում տիրող հումանիտար վիճակի վրա հրավիրելն է. «Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, մասնավորապես Խրամորթում ադրբեջանցիների հայտարարությունները, Շուշիում կազմակերպվող միջոցառումը, ժամանակ առաջ  երիտասարդ հայ տղայի սպանությունը, այժմ էլ  գազամատակարարման դիտավորյալ դադարեցումը ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ ահաբեկչություն։ Արցախի կանայք հանուն երեխաների անվտանգության, խաղաղ մանկության և ապագայի  այսօր ոտքի են ելել։ Մեր ակցիան որևէ քաղաքական ուղղվածություն չունի, մեր նպատակը մեր կոչը  միջազգային կազմակերպություններին հղելն էր, նրանց ուշադրությունը տիրող իրավիճակի վրա սևեռելը, որ տեսնեն՝ այստեղ և՛ս կա բնակչություն, այստեղ կան երեխանե՛ր, երեխաների խաղաղ կյանքը հիմա խափանվում է, չեն կարողանում գնալ դպրոց գազի մատակարարման դադարեցման պատճառով, սահմանամերձ գյուղերում էլ անվտանգության խնդիրն է։ Մենք ոչ մի գեոպոլիտիկ խնդիրների մեջ չենք խորանում, մենք միայն մարդու իրավունքների տեսանկյունից փորձում ենք մեր ձայնը բարձրացնել, ասել, որ այդ իրավունքները ոտնահարվում են ահաբեկչական պետության կողմից, որ Ադրբեջանն ու այդ երկրի իշխանությունը հանդես են գալիս որպես ահաբեկիչներ։ Եթե միջազգային կառույցների ուշադրությունը այլ  երկրների նկատմամբ ավելի մեծ է, քան մեր հանդեպ, ապա մենք ուզում ենք իրենց  հուշել, որ այստեղ էլ կան մարդիկ, որոնք ունեն նույն իրավունքները, և դրանք այսքան ժամանակ կոպտորեն ոտնահարվում են»։ 

Կանայք հանդիպել են Արցախի ՄԻՊ-ի, ռուս խաղաղապահների հետ,  փոխանցել, որ իրենց պայքարը միայն գազի հարցով չէ, այլ՝  հանուն մարդու իրավունքների։ Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք մտադիր էին թղթային տարբերակով նամակներ փոխանցել միջազգային կառույցներին, սակայն հետո դա անելը համարեցին ոչ նպատակահարմար. «Նախ՝ այստեղ չունենք որևէ միջազգային ներկայացուցչություն, ընդ որում, այս հարցը նույնպես բարձրացրել ենք, որ այցելելով Շուշի քաղաք, մասնակցելով ինչ-որ միջոցառումների՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները անտեսում են Ստեփանակերտում տիրող իրավիճակը, դե թող գան ու տեսնեն, թե ինչ է կատարվում  այստեղ ապրող մարդկանց հետ։ Անիմաստ էր այստեղից որևէ նամակ ուղարկելը, քանի որ դա երկար ժամանակ կպահանջեր, մինչև հասներ հասցեատերերին։  Ուստի նպատակահարմար գտանք էլեկտրոնային հարթակներին՝ միջազգային կազմակերպությունների կայքերին փոխանցել մեր ասելիք-բողոքը։ Այսինքն՝ փորձում ենք մաքսիմալ արագ եղանակով մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին։ Մինչև թղթային տարբերակով նամակը տեղ հասնի, արդեն ուրիշ հումանիտար կատաստրոֆա գուցե լինի, արդեն Ադրբեջանը հնար կգտնի, որ այժմ էլ լույսը կտրի, հետո էլ գուցե շրջափակեն, նորանոր կյանքեր խլեն  և այլն։ Մենք պահանջում ենք խաղաղ կյանքի երաշխիքներ մեր երեխաների համար, սա պայքար է հանուն կյանքի»։ 

Աննա Սարգսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը գազի խողովակի վրա փական է դրել, որը երբ ուզում՝ բացում է կամ փակում։  «Այսինքն՝ երբ այստեղ վթարային իրավիճակ էր, սպասում էինք, որ սարքեն, բայց որ սարքելուց հետո դա փակում են, սա արդեն հակամարդկային քայլ է, և աշխարհը պետք է այս հանգամանքի վրա ուշադրություն դարձնի ու միջոցներ ձեռնարկի։ Մենք ակցիայի վերջում բոլոր կանանցով ձեռք ձեռքի տված օղակեցինք հիվանդանոցի շենքը, որտեղ  մեր երեխաներն են բուժվում, և որտեղ նույնպես գազ չկա՝ այսպիսով ցույց տալով, որ մենք՝ մայրերս, մեր մարմնի ջերմությամբ կտաքացնենք մեր երեխաներին և ամեն ինչ կանենք, որ նրանք ապահով զգան»,-ասաց Աննան՝ հավելելով.  «Խնդիրը միայն գազի հարցը չէ, այլ գազն անջատելու միջոցով մեզ մեր տներից հանելու։ Սակայն մեր ակցիայի կոչերից մեկն էլ այն էր, որ Արցախը մեր տունն է, և մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնա»։ 

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ տեղյակ  են, որ Հայաստանի իշխանությունները ևս ակտիվ միջոցներ են ձեռնարկում խնդրին լուծում տալու ուղղությամբ, խնդրով զբաղվում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Կարմիր խաչի գրասենյակը, այսինքն՝ հարցը միջազգային հնչեղություն է ստացել։  Քիչ առաջ հայտարարություն տարածեց նաև Արցախի տեղեկատվական շտաբը՝ հայտնելով, որ  «գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները»:

Հեղինե Մանուկյան