Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեւանա լճի հանգստի գոտում 4 նոր լողափեր կստեղծվեն եւ կկահավորվեն

Սեւանա լճի  հանգստի գոտում  4 նոր լողափեր կստեղծվեն եւ կկահավորվեն
Հասարակություն
20:59, 28 март 2022
«Սեւան» ազգային պարկի ռեկրեցիոն գոտում հանրային նոր լողափերի կազմակերպման նպատակով  կառավարությունը օրենքի նախագիծ է մշակել։  Ըստ այդմ՝  Գեղարքունիքի մարզի  տարածքի հավասարաչափ զարգացման և հանրապետության այլ մարզերից (Տավուշ, Լոռի, Վայք, Սյունիք) այցելուների համար անհրաժեշտ է կահավորել ինչպես չգործող հանրային լողափերը, այնպես էլ ստեղծել և  կահավորել նոր՝ 4 հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։  Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրավական ակտի ընդունման նպատակը հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է և հանրային լողափերի արդյունավետ շահագործումը, Սևանա լճի ափամերձ տարածքների պահպանությանը նպաստող բնապահպանական եւ բիոտեխնիկական միջոցառումների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորությունը, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, երեխաների համար խաղահրապարակներ, հեռանկարային ներդրումային ծրագրեր, բացառելով առանց փրկարարական և բուժuպաuարկման ծառայությունների լողափերի շահագործումը և ապահովելով բացառապես մաքրման կայանների միջոցով կեղտաջրերի մաքրումն` ըստ նորմատիվներով սահմանված չափաքանակների: 

Ներկայումս գոյություն ունեն համապատասխան Կառավարության որոշումներով հաստատված 8 հանրային լողափեր՝ Սևան քաղաքային լողափ՝ 1.39 հա մակերեսով, Թերակղզու լողափ՝ 1.82 հա մակերեսով, Սևան քաղաքային լողափ՝ 5.5 հա մակերեսով, Դրախտիկի հանրային լողափ՝ 5.0 հա մակերեսով, Լճաշենի հանրային լողափ՝ 1.37 հա մակերեսով, Ծովազարդի հանրային լողափ՝ 3.3 հա մակերեսով, Նորատուսի հանրային լողափ՝ 0.78 հա մակերեսով  և Ծովագյուղի հանրային լողափ՝ 9.0 հա մակերեսով։ Ստեղծված 8 հանրային լողափերից լողափնյա պարագաներով (պառկելաթոռներ, հովանոցներ, զուգարաններ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղիներ, հանդերձարաններ, նստարաններ, բուժկետ, փրկարարական կետ) կահավորված են միայն 3-ը։  

Գործող հանրային լողափերը մեծ ժողովրդականություն են վայելում և ամառային հանգստի սեզոնին տարեկան այդ լողափերում իրենց հանգիստն են անցկացնում մինչև 90․000 քաղաքացիներ։ Այդ լողափերից հիմնականում օգտվում են Սևան համայնքից և Երևանից հանգստի մեկնած այցելուները: Նախագծի ընդունմամբ  նախատեսվում է ունենալ գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող նոր հանրային լողափեր Սևանա լճի առափնյա չորս տարբեր հատվածներում, ինչպես նաև Սևանա լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության պատշաճ կազմակերպում և մաքրման կայանների առկայություն, հեռանկարային ներդրումային ծրագրեր և հավելյալ աշխատատեղերի ստեղծում:  Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի եւ որակյալ հանգստի պայմաններ՝ նշված է կից հիմնվորման մեջ: 

Ներկայացված նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։