Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գավառի ԲԿ-ում ում տեղի են ունեցել կարևոր բարեփոխումներ. Արսեն Թորոսյան

Գավառի ԲԿ-ում ում տեղի են ունեցել կարևոր բարեփոխումներ. Արսեն Թորոսյան
Հասարակություն
15:34, 02 апрель 2022
Մարզային այցելությունների շրջանակներում ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի բժշկական կենտրոն, տնօրեն Գարիկ Սողոմոնյանի ուղեկցությամբ շրջել շենքի բոլոր բաժանմունքներում և ծանոթացել պայմաններին, կատարված աշխատանքներին:
 
«Շրջայցի ընթացքում դիտարկել եմ հիվանդասենյակներում և վիրահատարաններում ստեղծված պայմանները, առաջին բուժօգնության ապահովման հնարավորությունները, ինչպես նաև զրուցել եմ պացիենտների և բուժաշխատողների հետ: Տնօրենի հետ քննարկել ենք կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր ու խնդիրներ։
 
Կենտրոնն աշխատում է իր ամբողջ հզորությամբ, համալրված է որակյալ և հմուտ մասնագետներով, իսկ որոշ մասնագետներ հրավիրվում են մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից և տեղում առկա հնարավորությունների շնորհիվ կազմակերպում պացիենտների բուժումը, վիրահատությունները կամ այլ միջամտություններ և խորհրդատվություններ:
 
Բժշկական կենտրոնի տնօրենի ջանքերով վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր բարեփոխումներ։ Հիվանդանոցի գույքը համալրվել է հեմոդիալիզի նոր մահճակալներով, սոնոգրաֆիայի և էխոկարդիոգրաֆիայի սարքավորումներով։
 
Բժշկական կենտրոնին է տրամադրվել շտապօգնության երկու ավտոմեքենա, իսկ հիվանդանոցի շենքի բակում կառուցվել է շտապօգնության ավտոմեքենաների կայանատեղի:
 
Բարելավվել է բժշկական կենտրոնի շենքի մուտքը, առանձնացվել շտապօգնության ծառայությունը, դեղատունը, հեմոդիալիզի բաժանմունքի մուտքը:

Առաջիկայում ևս նախատեսվում է մեծածավալ փոփոխություններ իրականացնել բժշկական կենտրոնում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թորոսյանը: