Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին
Պաշտոնական
13:51, 26 июль 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ
Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված
հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին 2019 թվականից:

Շրջայցի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը ներկայացրել է
կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2019 թ. համապատասխան որոշմամբ բժշկական
կենտրոնի նյարդավիրաբուժական վիրահատարանը համալրվել է նյարդավիրաբուժական 3D նավիգատորով,
վիրաբուժական մանրադիտակով, էնդոսկոպիկ սարքավորմամբ, ժամանակակից վիրահատարանի պահանջներին
համապատասխանող վիրահատական սեղանով, լուսային համակարգով: Ձեռք են բերվել նաև ախտորոշիչ սարքեր`
համակարգչային տոմոգրաֆ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ, ուլտրաձայնային սարքավորում:

Առողջապահության նախարարի 2020 թ. ապրիլի 2-ի հրամանով բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և մինչ
այժմ իրականացնում է միայն նոր կորոնավիրուսային հիվանդության COVID-19 ախտորոշումը հաստատված և
ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը։
Վերապրոֆիլավորման արդյունքում կենտրոնում բժշկական օգնություն է ստացել շուրջ 17 000 պացիենտ, որից 70
տոկոսը եղել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:

Բժշկական կենտրոնի վիրասրահներից մեկը վերապրոֆիլավորվել է որպես ծնարան, որը հագեցված է դոպլեր
սարքավորումներով, նորածնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կենտրոնով:

Իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում շահագործման է հանձնվել 40 մահճակալով նոր
վերակենդանացման բաժանմունքը, ինչի արդյունքում բժշկական կենտրոնը դարձել է հանրապետության
վերակենդանացման ծառայություն մատուցող ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող կենտրոն: Հիմնանորոգվել և
կահավորվել է 9 վիրահատարան: Ախտորոշիչ բաժանմունքը համալրվել է ամբողջությամբ թվային հեռակառավարվող
ռենտգենոգրաֆիկ և ֆլյուորոսկոպիկ, ստացիոնար թվային ռենտգեն համակարգերով:

COVID-19-ի կենտրոնացված լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով լաբորատորիան
հագեցվել է հավելյալ արյան գազերի և էլեկտրոլիտների ավտոմատ վերլուծիչով, հագեցվել մանրէաբանական
լաբորատորիայի ավտոմատ վերլուծիչի և պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) իրականացնող
սարքավորումով: Արյան բանկը միացվել է լաբորատորիային և հագեցվում է դոնորական արյան ավտոմատ
հավաքագրման և պլազմաֆերեզի իրականացման սարքավորումներով:

Իրականացվել են նաև հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ բուժկենտրոնի շենքում ու բակային
տարածքում: Մասնավորապես, արդիականացվել է կոյուղու համակարգը, մարզերում գտնվող բժշկական կենտրոններից
պացիենտների շտապ տեղափոխությունն իրականացնելու նպատակով կառուցվել է ուղղաթիռի թռիչքուղի: