Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի աջակից որոշ ծնողների և ուսուցիչների պայքարն իրավական հիմք չունի․ Չեխովի դպրոցի տնօրենի նոր ԺՊ-ին քաղաքապետը նշանակել է համաձայն օրենքի. տեսանյութ

Ապրիլի 1-ին Չեխովի դպրոցի աշակերտները և որոշ ծնողներ՝ տնօրենի արդեն նախկին պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանի գլխավորությամբ, բողոքի ակցիա էին իրականացնում։ Տնօրենի նախկին պաշտոնակատարը, երեխաներին օգտագործելով իր նեղ շահերի համար, խաթարելով դասապրոցեսը, դպրոցի աշակերտների հետ դպրոցից երթով շարժվեցին դեպի քաղաքապետարան։ Պատճառը տնօրենի պաշտոնակատարի փոփոխությունն էր։ 

Տնօրենի  պաշտոնի թափուր տեղի համար առաջին մրցույթը կայացել է 2021թ.-ի հոկտեմբերի 18-ին, որի արդյունքում հաղթող չի ճանաչվել, և գործող տնօրեն Գայանե Սարուխանյանը շարունակել է պաշտոնավարել մինչև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:

Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, ըստ գործող ընթացակարգի, պաշտոնակատար նշանակելու լիազորությունը Երևանի քաղաքապետարանինն է, որն էլ  տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրել է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Տաթևիկ Մելքոնյանի վրա, մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հաջորդ մրցույթը կայացել է 2022թ.-ի մարտի 10-ին, որի արդյունքում կրկին հաղթող չի ճանաչվել: Հետևաբար տնօրենի պաշտոնակատարի նշանակման իրավասությունը կրկին ընկնում է քաղաքապետարանի վրա, որն էլ որոշում է կայացրել պարտականությունները դնել այս անգամ արդեն Դիանա Մինասյանի վրա։

Տաթևիկ Մելքոնյանը ակցիայի ժամանակ հայտարարեց, թե «դպրոցը հենց այնպես չի թողնելու»։  Նաև նշեց, թե իրեն համարում են «փակուղի մյուս թեկնածուների համար»։ 

Ուսուցիչներից Նարինե Աբրահամյանը նշեց, որ տարածվող լուրերի համաձայն՝ Դիանա Մինասյանը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մտերիմներից է։ 

Civic.am-ը փորձեց պարզել Դիանա Մինասյանի ամուսնու և Տիգրան Ավինյանի՝ համադասարանցիներ լինելու մասին տարածվող բամբասանքը, ինչպես նշում էր Նարինե Աբրահամյանը, և պարզեցինք, որ Դիանա Մինասյանի ամուսինն ու Տիգրան Ավինյանը ոչ դպրոցում, ոչ էլ համալսարանում միասին չեն ուսանել։

Իսկ ովքե՞ր են Տաթևիկ Մելքոնյանը և իր համար պայքարի դուրս եկած ուսուցիչներից ու  ծնողներից ոմանք։

Տաթևիկ Մելքոնյանը Կառավարությանը ենթակա Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա  Գալստյանի դուստրն է։ Ռաիսա Գալստյանը, ըստ մամուլի հրապարակումների, օգտագործելով իր դիրքն ու կապերը, ամեն կերպ փորձում է իր դստերը դպրոցի տնօրեն դարձնել։ Մելքոնյանն ունի նաև 20 տարի դպրոցը ղեկավարած նախկին տնօրեն Գայանե Սարուխանյանի աջակցությունը, ով փորձում է իր կադրին նշանակել տնօրեն։

Ակտիվորեն պայքարող որոշ ծնողներից և ուսուցիչներից ոմանք էլ տարօրինակ զուգադիպությամբ «Հայաստան» դաշինքի աջակիցներ են։ Դպրոցի ուսուցչուհի Նարինե Աբրահամյանը դպրոցի տնօրենի պաշտոնակատարի թեման կարողացավ սահուն կերպով քաղաքականացնել և կապել հեղափոխության հետ՝ նշելով, թե ստացվում է, որ 2018-ի հեղափոխությունն անիմաստ էր։ 

Ծնողներից մեկն էլ տնօրենի նշանակումը կապեց պետական ինստիտուտները կազմաքանդելու հետ։

Ակտիվիստ ծնողներից մյուսը, տարածվող լուրերի համաձայն, Ռոբերտ Քոչարյանի հարսի հարազատ քույրն է, «Հայաստան» դաշինքի աջակից։

Ի վերջո, քաղաքապետարանի մոտ ակցիայի մասնակիցներին դիմավորեց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, որն անընդունելի համարեց երեխաներին այս գործընթացում ներգրավելն ու դասապրոցեսը խաթարելը և առաջարկեց երեխաներին տուն ուղարկել և ծնողներից ու ուսուցիչներից բաղկացած կոլեկտիվով բարձրանալ քաղաքապետարան՝ հարցը քննարկելու համար։

Նշենք նաև, որ առաջին ընտրությունների ժամանակ Տաթևիկ Մելքոնյանը ստացել է ընդամենը 1 ձայն, Դիանա Մինասյանը՝ 3, իսկ նախկին տնօրեն  Գայանե Սարուխանյանը՝ 4 ձայն։ Տնօրեն ընտրվելու համար, սակայն, անհրաժեշտ է 9 հնարավոր ձայնից առնվազն 6-ը։

Ընտրության երկրորդ փուլի ժամանակ արդեն Մելքոնյանը ստացել էր 5 ձայն, Մինասյանը՝ 4։ Ընտրության վերջին փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին։

Մանրամասն՝ տեսանյութում