Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեխովի անվան դպրոցում մի քանի ամիս է՝ չի ստացվում տնօրեն ընտրել․ նախկին տնօրենը, որը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, չի մասնակցել վերջին մրցույթին

Չեխովի անվան դպրոցում մի քանի ամիս է՝ չի ստացվում տնօրեն ընտրել․ նախկին տնօրենը, որը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, չի մասնակցել վերջին մրցույթին
Հասարակություն
21:18, 15 март 2022
Երևանի Ա. Չեխովի անվան դպրոց ՊՈԱԿ-ին  արդեն մի քանի ամիս է  չի վիճակվում   նոր տնօրեն ունենալ։ Դպրոցը 27 տարի ղեկավարած, հանրությանը քաջ հայտնի  Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման ժամկետը, հիշեցնենք,  լրացել էր դեկտեմբերի 15-ին։ Այդ օրվանից տնօրենի պարտականությունները ժամանակավորապես  կատարում է   ուսումնական գծով փոխտնօրեն Տաթևիկ Մելքոնյանը։

Հիշյալ  ՊՈԱԿ-ի  տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար վերջին մրցույթը  տեղի է ունեցել մարտի 10-ին, տնօրենի պաշտոնին հավակնում էր երեք հոգի՝ տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար  Տաթևիկ Մելքոնյանը (դպրոցում  աշխատում է 2004 թվականից),  ՀՊՏՀ-ի դասախոս Դիաննա Մինասյանը և Նվարդ Հովսեփյանը։  Նախկին տնօրեն   Գ․Սարուխանյանն օրեր առաջ տեղի ունեցած  մրցույթում չի հավակնել տնօրենի պաշտոնին։  Քվեարկության արդյունքներոով 5 «կողմ» ձայն ստացել է  Տաթևիկ  Մելքոնյանը, մեկ  ձայն Նվարդ Հովսեփյանը,  3  ձայն էլ՝ Դիաննա  Մինասյանը։ Կարգի համաձայն հայտարարվել  է կրկնակի քվեարկություն, որի արդյունքներով էլ  5 ձայն ստացել է Տ․Մելքոնյանը, 4 ձայն՝ Դ․Մինասյանը։ Տնօրենի ոչ մի հավակնորդ հաղթող չի ճանաչվել /հարկավոր էր 6 ձայն/, հայտարարվել է նոր մրցույթ։   

Նշենք, որ ամիսներ առաջ էլ հայտարարվել մրցույթ։ Մասնավորապես  2021 թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած մրցույթում  տնօրենի պաշտոնի հավակնորդները  ևս  3-ն էին՝   Գայանե Սարուխանյանը  /դպրոցը ղեկավարում է 1994 թվականից/,  Տաթևիկ Մելքոնյանը և Դիաննա Մինասյանը:  Այդ ժամանակ էլ ոչ մի հավակնորդ անհրաժեշտ ձայներ չստացավ․  Տ․  Մելքոնյանը ստացել էր 1 ձայն, Դ․Մինասյանը՝ 3 ձայն, Գ․ Սարուխանյանը՝ 4 ձայն։ Նկատենք, որ օրենքով որևէ սահմանափակում չկա մրցույթների անցկացման թվի հետ կապված, մրցույթ  կհայտարարվի այնքան, մինչև տնօրեն ընտրվի։  

Հիշեցնենք, որ Գ․ Սարուխանյանի անվան շուրջ նրա պաշտոնավարման ընթացքում սկանդալներն անպակաս են եղել։  Մամուլը բազմիցս գրել է նախկին իշխանության հետ ունեցած  կապերի, դպրոցում հավաքագրվող տարատեսակ գումարների և այլնի մասին։ Սարուխանյանը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմից հետո  բոլոր ուսուցիչներին կոչ էր արել միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ապա մամուլում նշել էր, որ չի պատրաստվում մեղմել այն, ինչ արդեն ասել է կամ փոխել ասվածի ենթատեքստը. «Ես ասել եմ շատ ավելի խորքային ու ծանր բաներ, քան ուսուցիչներին կոչ անելը կամ կոչին միանալը: Ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ որևէ բառից»,- ասել էր հայոց լեզվի մասնագետ նախկին տնօրենը։ Նա, ի դեպ,  ժամանակին Վանո Սիրադեղյանի ստեղծած  «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահն էր,  եղել է ԱԺ «Շամիրամ» խմբակցության անդամ։

Civic.am-ի հետ զրույցում դպրոցի կառավարման խորհրդի քարտուղար, տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ  Գայանե Սաֆարյանը նշեց, որ այսօրվա դրությամբ դեռ ոչ մի հայտ չի ներկայացվել տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար։  

Նշենք, որ մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են հիշյալ ՊՈԱԿ-ում,  մարտի 11-ից մինչև մարտի 31-ը ներառյալ , ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, բացի հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 14 -ին ժամը՝ 11:00-ին, վերհիշյալ   դպրոցում։
 
Հ ․Մանուկյան