Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փառուխում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը հավաստի է, բայց վիրավոր զինվորի ոչ տարիք, ոչ անուն ազգանուն չի նշվում․ Ասկերանի շրջանի վարչակազմի խոսնակ

Փառուխում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը հավաստի է, բայց վիրավոր զինվորի ոչ տարիք, ոչ անուն ազգանուն չի նշվում․ Ասկերանի շրջանի վարչակազմի խոսնակ
Հասարակություն
12:15, 13 апрель 2022
«Փառուխում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը հավաստի է, որովհետև Արցախի տեղեկատվական շտաբն էլ նշեց այդ մասին, բայց վիրավոր զինվորի ոչ տարիք, ոչ անուն ազգանուն չէր նշվում։ Հրադադարի ռեժիմը վերականգնվել է խաղաղապահների միջամտությամբ»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմի հանրային կապերի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի զինծառայողները անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխի տարածքում արձանագրել են հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։ 

Անահիտ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի կողմում հնչած կրակոցները լսելի կլինեին մոտակա Խրամորթ գյուղում։

«Նայած որ ուղղությամբ են հնչել, եթե բլրի հակառակ կողմում կրակած լինեին, ավտոմատի ձայները չէին լսվի»,-պատասխանեց Ասկերանի շրջանի վարչակազմի հանրային կապերի պատասխանատուն։ 

Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանն էլ ընդգծեց, որ իրենց գյուղում կրակոցների ձայն չի լսվել, բայց կանանց ու երեխաների՝ Խրամորթ վերադարձի հարցը դեռևս չի քննարկվում։