Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու գործով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու գործով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Հասարակություն
19:40, 06 май 2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի կողմից պետի օրինական և սահմանված կարգով տրված  հրամանը չկատարելու, մարտադաշտն ինքնակամ լքելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու դեպքերի բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմից և 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, Ա.Ղ.-ն, իրականացնելով ՊԲ N զորամասի տանկային աշտարակների գումարտակի հրամանատարի պարտականությունները, 2020 թվականի դեկտեմբերի 12-ին ստացած հրամանի համաձայն՝  իր ենթակա անձնակազմի հետ տեղակայվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի խաչմերուկում գտնվող տեղամասում:
Հաջորդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, նշված տեղամասում հակառակորդի զինված ուժերի ներկայացուցիչները Ա.Ղ.-ին պահանջ են ներկայացրել ենթակա անձնակազմի հետ միասին մինչև նույն օրը՝ ժամը 17։00-ն, լքել բոլոր մարտական հենակետերը։ Այդ մասին վերջինս զեկուցել է վերադաս հրամանատարությանը, որին ի պատասխան հրաման է ստացել իր ենթակա գումարտակի անձնակազմի հետ անցնել շրջանաձև պաշտպանության, իրականացնել իրենց պահպանությանը հանձնված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը։
Սակայն Ա.Ղ.-ն դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տեղեկանալով հակառակորդի հնարավոր հարձակման մասին, չի կատարել իր անմիջական ղեկավարի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը, փոխարենը՝ մարտական դիրքերում տեղակայված դասակների անձնակազմին հրաման է տվել թողնել մարտական դիրքերը և նահանջել զբաղեցրած բնագծի տարածքից:

Այնուհետև, նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, գումարտակի շտաբի պետն ինքնակամ լքել է մարտադաշտը, ապա ենթակա դասակի անձնակազմին հրաման է տվել թողնել տեղամասում զբաղեցրած մարտական դիրքերը և նահանջել, ինչը առաջացրել է ծանր հետևանքներ՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ։

Բացի այդ, մինչև մարտական հերթապահության մեկնելը, Ա.Ղ.-ն, ստանալով ծառայողական գաղտնիք պարունակող՝ Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող աշխատանքային քարտեզ, ինչպես նաև N զորամասի տանկային աշտարակների գումարտակի անձնակազմի վերաբերյալ անհատականացնող տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային կրիչ, անձնական պատասխանատվություն կրելով ծառայողական գաղտնիք պարունակող վերոնշյալ քարտեզի և էլեկտրոնային կրիչի պահպանման համար և պարտավոր լինելով իր մոտ պահել դրանք, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով գաղտնիք պարունակող հիշյալ տեղեկատվությունն անցել է հակառակորդի տիրապետության տակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: