Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ. Հայրենիքի փրկության գործը մեկ օրով հետաձգվում է

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ. Հայրենիքի փրկության գործը մեկ օրով հետաձգվում է
Հասարակություն
22:45, 20 май 2022
Օրերս Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, թե իրենց նախաձեռնած «Դիմադրության»  շարժումը վերջին 30 տարվա Հայաստանի անկախ պատմության մեջ բացառիկ է իր ծավալներով, իր չափերով, իր ժողովրդականությամբ։ «Ինքը, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է»,- խրոխտ ու ամենայն պատասխանատվության հայտարարեց Սաղաթելյանը։ 

 Նույն Իշխան Սաղաթելյանը ժամեր առաջ հայտարարեց, թե Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման այսօր նախատեսված հանրահավաքը տեղի չի ունենա եղանակի պատճառով։ Փաստորեն, հայրենափրկության սուրբ ու անհետաձգելի գործը կարելի է ժամանակավորապես կասեցնել՝ պատճառ բերելով  վատ՝ անձրևոտ եղանակը։ Ռուսական հայտնի ասացվածք կա. «Работа не волк, в лес не убежит»։ Երևի հենց այս  ասացվածքի տրամաբանությամբ են հայրենի ընդդիմադիրները վերաբերվում նաև  հայրենափրկության գործին՝ գործը գործ է, չի փախչի, ի՞նչ տարբերություն, թե ում կամ ինչին է այն առնչվում։
 
 Թերևս արժե օգտագործել հայտարարված «թայմ աութն» ու թարմացնել պարոն Սաղաթելյանի հիշողությունը՝  արձանագրելով, որ Արցախյան առաջին շարժումն սկսեց ոչ բարենպաստ եղանակային պայմաններում, փետրվարյան ձյունառատ օրերին, մասնավորապես՝ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցող ինքնաբուխ, բազմահազարանց  միտինգներն էլ   համեմատության եզրեր չունեն այս օրերին   Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող մինի միտինգների հետ։ Եվ բացի այդ՝ Արցախյան առաջին շաժումը ազատագրական էր, ոչ թե դիմադրության, Արցախյան առաջին շարժումը հանուն Արցախի էր, ոչ թե ընդդեմ ՀՀ իշխանության, Արցախյան առաջին շարժումը  համազգային համախմբման, միասնականության, բռունցքված լինելու   մասին էր, ոչ թե՝ ներքին պառակտման ու ջլատման։ Արցախյան առաջին շարժումը  Արցախի շուրջ աշխարում եղանակ ստեղծելու մասին էր և հանրահավաքները չէին կասեցվում եղանակային վատ պայմանների՝ անձրևի, քամու, կայծակի, շոգի, տապի կամ տարերային աղետների պատճառով։ 
 
Եվ վերջապես՝ Արցախյան առաջին շարժումը հաղթեց նաև այն պատճառով, քանի որ   անկեղծ էր։ Իսկ անկեղծությունը, ինչպես հայտնի է, միշտ էլ հաղթող է։  
 
 
Ելենա Ազատյան