Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահը վաղը կհանդիպի «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարության հետ (տեսանյութ)

Նախագահ Արմեն Սարգսյանը վաղը հանդիպում է խնդրել «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ։ Այս մասին ընդդիմության հանրահավաքի ընթացքում հարթակից հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Եթե երկուշաբթի Նիկոլ Փաշինյանը փորձ անի հեռացնել Օնիկ Գասպարյանին, երեքշաբթի կհավաքվենք այս հրապարակում և միասին կորոշենք այն քայլերը և գործողությունները, որ պետք է կատարենք։ Որևէ մեկը չի կարող կասեցնել մեր ժողովրդի պահանջը, մենք բանակի կողքին ենք, պետության և պետականության կողքին ենք»։
ՀՓՇ համակարգողը հայտարարեց, թե Հայաստանում չկա ժողովրդի իշխանություն, կա  մեկ մարդու դիկտատուրա, որը պետք է կոտրել, ըստ նրա՝ հաղթանակը մոտ է։
Սաղաթելյանը հարթակից դիմեց նախագահ Արմեն Սարգսյանին․
«Պարո՛ն նախագահ, Դուք ունեք անհատական և ամբողջական պատասխանատվություն մեր երկրում ստեղծված իրավիճակի համար, պարտավոր եք կանգնել Սահմանդրության գլխին և շատ հստակ դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելով ԳՇ պետի պաշտոնանկությունը, հակառակ դեպքում՝ Դուք անձամբ պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար»։
Սաղաթելյանը դիմեց նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին՝ հայտարարելով, որ նրա պաշտոնին մնալն այլևս բոլորի պահանջն է․
«Դա պաշտոնի կռիվ չէ, դա բանակի պահպանության, մեր պետականությունը պահպանելու համար է, հետևաբար՝ Օնիկ Գասպարյանը չպետք է ենթարկվի ապօրինի հրահանգների, պետք է մնա իր տեղում կանգնած հանուն մեր պետականության, բանակի, հանուն Արցախի»,հայտնում է a1plus.am-ը։