Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրական օրենսգրքի փոփոխության հիմնական նպատակը ՀՀ-ում համամասնական ընտրակարգի զարգացումն է․ փոխնախարար

Ընտրական օրենսգրքի փոփոխության հիմնական նպատակը ՀՀ-ում համամասնական ընտրակարգի զարգացումն է․ փոխնախարար
Հասարակություն
22:00, 22 июль 2022
ՀՀ ընտրական օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ կուսակցությունների և դաշինքների անվանումները չեն կարող լինել անձնանուններ, դրանց հոլովաձևերը, շփոթելու աստիճան նմանություններ, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների անուններ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Ելենա Թումանյանցը պատասխանել է այս փոփոխությանը վերաբերող մի քանի հարցի:

1.Այս փոփոխությունը ի՞նչ նպատակով է արվում, որն է դրա անհրաժեշտությունը։

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում իրականացված հիմնական փոփոխություններից է այն, որ կուսակցությունների դաշինքի անվանումը այլևս չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր։

Նշված փոփոխության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում համամասնական ընտրակարգի զարգացումն է: Այսպես, Հայաստանի Հանրապետությունում համամասնական ընտրակարգի ներդնման նպատակ էր քաղաքական գործընթացներում հենց կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կայացումը, վերջիններիս միջև քաղաքական պայքարի ակտիվացումը: Նման պայմաններում, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանման մեջ կոնկրետ անձնանունի հիշատակումը չի բխում համամասնական ընտրակարգի էությունից։ Խնդիրը կայանում է նրանում, որ անձնանունների օգտագործումը և կոնկրետ անձով պայմանավորված ընտրությունը ավելի բնութագրական են մեծամասնական ընտրակարգին, երբ անձն իր քվեն տալիս է կոնկրետ անձի օգտին: Այսպես, այն դեպքում, երբ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակում է անձնանուն, կուսակցությունը որպես քաղաքական միավոր անմիջականորեն ասոցացվում է միայն այդ անձի հետ: Ուստի տպավորություն է ստեղծվում, որ ընտրապայքարը ընթանում է անձերի միջև և ընտրողները իրենց քվեն տալիս կողմնորոշվում են առավելապես այդ անձերով:

2.Վերլուծություն կա՞, թե հիմա քանի կուսակցություն ու դաշինքներ են գործում անձնանուններով, կամ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիների անուններով։

Նախորդ ընտրութունների ընթացքում եղել են կուսակցությունների դաշինքի անվանման մեջ անձնանունների օգտագործման դեպքեր, որոնք և բացահայտել են վերը նշված խնդիրները: Այս համատեքստում փոփոխությունը կրում է նաև կանխարգելիչ բնույթ՝ հետագայում նման դեպքերը բացառելու և համամասնական ընտրակարգի շրջանակներում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների զարգացմանն ու կայացմանը խոչընդոտող գործոնները վերացնելու համար։

3.Երբ է ուժի մեջ մտնելու այս փոփոխությունը։

2022 թվականի հուլիսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում իրականացված վերոնշյալ փոփոխությունը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ կիրառվելու է նաև առաջիկա ՏԻՄ ընտրությունների նկատմամբ (նույնը վերաբերում է նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում իրականացված փոփոխությանը)։ Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ փոփոխությունը վերաբերելու է միայն նոր ստեղծվող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, իսկ գործող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կարող են շարունակել իրենց գործունեությունը, անգամ եթե պարունակում են անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր։

4.Նշենք ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները և դրանց նպատակն ու նշանակությունը։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների իրականացումը նպատակ է հետապնդում լուծել 2021 թվականին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ և տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներ, որոնք գույքագրվել են ինչպես իրավակիրառողների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների և ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի կողմից:

Մասնավորապես, իրականացված փոփոխությունների և լրացումների արդյունքում.
  • համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում, անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար կնախատեսվեն առանձին քվեաթերթիկներ՝ այսպիսով վերացնելով քվեարկության ընթացքում գրիչների օգտագործումը.
  • համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կիրականացվի տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում.
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար Ընտրական օրենսգրքով սահմանված լրացուցիչ պահանջները կհանվեն, ու այդ մասով կարգավորումները փաստորեն կհստակեցվեն՝ հաշվի առնելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուների համար Սահմանադրությունը լրացուցիչ պահանջներ չի նախատեսում:
Նշված փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի նպաստել ընտրական համակարգի էլ ավելի կատարելագործմանը, հատկապես` համամասնական համակարգի զարգացմանը: