Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Հակոբյանն այցելել է Դաշտադեմի ամրոց, զրուցել Թալինի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ

Աննա Հակոբյանն այցելել է Դաշտադեմի ամրոց, զրուցել Թալինի ավագանու «Իմ քայլը»  խմբակցության անդամների հետ
Հասարակություն
19:36, 23 август 2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզում այցելել է Դաշտադեմի ամրոց։ Ամրոցի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը  Աննա Հակոբյանին ներկայացրել է ամրոցի պատմությունը, շեշտելով որ այն Հայաստանի բացառիկ պատմամշակութային հուշարձաններից մեկն է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից:

« Դաշտադեմի ամրոցը   Անիի ամրաշինական համակարգի մասն է եղել, նրա  հանգույցներից մեկն է և կառուցված է  նույն սկզբունքով ինչ Անի քաղաքի պարսպապատերը։  Ամրոցի հիմնադրումը թվագրվում է 12-րդ դարին։ Ամրոցը Զաքարյանների իշխանական տոհմի վարչական կենտրոններից մեկն է հանդիսացել։ 

Բաբաջանյանը  վարչապետի տիկնոջ հետ  շրջայցի ընթացքում  պատմել  է նաև ամրոցում  կատարված հնագիտական պեղումների և վերականգնման աշխատանքների մասին։ Նրա խոսքով՝ 2015թ-ին ԱՄՆ դեսպանատան մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվել է  ծրագիր, որի շրջանակներում իրականացված լայնամասշտաբ  պեղումների արդյունքում բացվել է ներքին շրջապարիսպը՝ իր  11 կիսակլոր աշտարակներով, երկու դարպասներով, ևս մեկ մոնումենտալ կառույց, որը նույնպես վերագրվում է Զաքարյանների շրջանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արագածոտնի մարզպետարանի  ներկայացուցիչը  Աննա Հակոբյանին  հրավիրել է  մասնակցելու սեպտեմբերի 24-ին Դաշտադեմի ամրոցում  անցկացվելիք «Զարկ ֆեստ»  մշակութային փառատոնին, որի շրջանակներում ներկայացվելու է տարածաշրջանում ապրող բնակիչների կենցաղն ու մշակույթը, երգն ու պարը։

Նշվում է, որ Դաշտադեմ համայնքում Աննա Հակոբյանը կարճատև հանդիպում է ունեցել նաև Թալինի  «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, հետաքրքրվել համայնքում առկա խնդիրներից։