Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կկազմակերպվի անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրությո՛ւն, երեխաներ են» կարգախոսով. ՃՈ պետ

Արցախում կկազմակերպվի անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրությո՛ւն, երեխաներ են» կարգախոսով. ՃՈ պետ
Հասարակություն
15:03, 24 август 2022
Արցախի Հանրապետությունում շուտով կմեկնարկի նոր՝ 2022-2023 ուսումնական տարին: ՆԳ նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը, նախարարի կարգադրությամբ, պատրաստվում է «Ուշադրությո՛ւն, երեխաներ են» ուժեղացված տասնօրյակին: Այս մասին ասված է ՆԳՆ ոստիկանության ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի հայտարարության մեջ:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ներքին գործերի նախարարությունը շնորհավորում է գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և հիշեցնում, որ սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը հանրապետությունում կկազմակերպվի անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրությո՛ւն, երեխաներ են» կարգախոսով:

Այդ ընթացքում ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերակարգերը ավելի կմոտեցվեն դպրոցներին և նրանց մերձակա խաչմերուկներին: Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայողները կլինեն կրթօջախներում և կանցկացնեն դասախոսություններ երթևեկության կանոնների վերաբերյալ:

Ծնողներին հորդորում ենք երեխաների նկատմամբ լինել ավելի ուշադիր և հատկապես նրանց ներկայությամբ խուսափել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներից:

Տասնօրյակի և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ճանապարհային անվտանգ երթևեկություն կազմակերպելու և դժբախտ պատահարներից զերծ մնալու համար ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում երթևեկության մասնակիցներին լինել ուշադիր և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»: