Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ նոր նախագիծը թույլ կտա պարտադիր զինվորական ծառայությունը արագացված տեմպերով անցնող քաղաքացիների վճարած 24 մլն դրամով վճարել 1 պայմանագրայինի 5 տարվա 400 հազար դրամ աշխատավարձը

ՊՆ նոր նախագիծը թույլ կտա պարտադիր զինվորական ծառայությունը արագացված տեմպերով անցնող քաղաքացիների վճարած 24 մլն դրամով վճարել 1 պայմանագրայինի 5 տարվա 400 հազար դրամ աշխատավարձը
Հասարակություն
20:05, 24 август 2022
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով:
 
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծում, որի շրջանակներում, հաշվի առնելով նաև մի շարք օտարերկրյա պետությունների փորձը, առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության որոշակի ժամկետը և, դրանով պայմանավորված՝ զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով, զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն:

Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է:

Նախագիծը համացանցում բուռն քննարկման ենթարկվեց։ Շատերի պնդմամբ այն հնարավորություն է տալիս հարուստներին իրենց զավակներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ 24 մլն դրամ գումար չունեցողները ստիպված են լինելու ծառայել բանակում։

Սրան հակառակ, բոլորովին գաղտնիք չէ, որ շատերը նախկինում իրենց զավակներին ծառայությունից ազատում էին բժշկական կեղծ փաստաթղթերով։ 2018 թվականից հետո դա անելը անգամներ բարդացել է, և մարդիկ իրենց տղա երեխաներին սկսել են ծառայությունից ազատել այլ երկրների քաղաքացի դարձնելով։ Ստացվում է, որ գումար ունեցողները միևնույնն է կարողանում են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ միաժամանակ կրճատելով ՀՀ բնակչության թիվը։

Այս նախագիծը այդ իմաստով կանխարգելիչ բնույթ կարող է ունենալ։ Բացի այդ, նշված գումարը մարդիկ ոչ թե կծախսեն այլ երկրների քաղաքացիություն ձեռք բերելու համար՝ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու միջոցով, այլ այդ գումարները կուղղվեն ՀՀ բյուջե։

Այդ անձինք էլ ոչ միայն կշարունակեն ՀՀ քաղաքացի մնալ, այլև պատերազմական իրավիճակներում պետությունը կկարողանա նրանց զորակոչել բանակ, քանի որ վերջիններս սահմանված գումարը վճարելու դեպքում ոչ թե ամբողջությամբ ազատվելու են պարտադիր զինվորական ծառայությւունից և ստանալ զինվորական ծառայությանը ոչ պիտանի լինելու կարգավիճակ, այլ կանցնեն 4,5 ամսյա արագացված զինվորական ուսուցում, և միաժամանակ նրանց վճարած գումարներով պետությունը հնարավորություն կունենա այդ մեկ քաղաքացու վճարած 24 մլն դրամով փոխհատուցել 1 պայմանագրային ծառայողի 5 տարվա աշխատավարձը՝ հաշվարկված 400 հազար դրամ ամսական աշխատավարձով։