Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արցախում են գտնվում իմ հարազատները․ շրջափակման մեջ անհնար է գոյատևել»․ Քաղաքացիները նամակներ հանձնեցին ՄԱԿ-ին և դեսպանատներին՝ պահանջելով կոշտ քայլեր ձեռնարկել սանձելու Ադրբեջանին

«Արցախում են գտնվում իմ հարազատները․ շրջափակման մեջ անհնար է գոյատևել»․ Քաղաքացիները նամակներ հանձնեցին ՄԱԿ-ին և դեսպանատներին՝ պահանջելով կոշտ քայլեր ձեռնարկել սանձելու Ադրբեջանին
Հասարակություն
17:44, 13 декабрь 2022
Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրեցին՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ։ Բողոքի ակցիայի մասնակիցները նախ երթով շարժվեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին: 

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Արցախում են իր բոլոր հարազատները, ովքեր շրջափակման մեջ են և այդ պայմաններում անհնար է գոյատևել։ Նա նշեց, որ միջազգային հանրությունը պետք իր ուշադրությունը սևեռի Հայաստանի և Արցախի վրա։

«Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Կեղծ բնապահպանական պատրվակով, Ադրբեջանի իշխանության այս սադրանքը Արցախի հայաթափմանն ուղղված հետևողական քայլ է: Նպատակը մեկն է՝ կյանքի համար ստեղծել անտանելի պայմաններ, ճնշում գործադրել արցախահայության վրա և ստիպել արցախցիներին թողնել հայրենիքը: Սա միջազգային իրավունքի և մարդասիրական բացահայտ ոտնահարում է, այն էլ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ»,- նշված է նամակում:

Հետո երթի մասնակիցները հասան Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ նրանց ընդունեց դեսպանատան ներկայացուցիչը։ Վերջինիս հանձնեցին իրենց կոչը՝ հույս հայտնելով, որ գործուն քայլեր կձեռնարկվեն։ Այնուհետև ցուցարարները շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն, որտեղ ՌԴ-ին ուղղված պահանջ հնչեցվեց՝ կոշտ քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանին և դատապարտել նրա գործողությունները։