Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի կողմից շրջափակման և այլ հանցավոր գործողությունների հետևանքով Արցախում նկատվում է հիվանդացության աճ

Ադրբեջանի կողմից շրջափակման և այլ հանցավոր գործողությունների հետևանքով Արցախում նկատվում է հիվանդացության աճ
Հասարակություն
21:54, 27 февраль 2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արդեն 78 օր շարունակ արգելափակված լինելու պայմաններում, ինչպես նաև վերջին շրջանում ադրբեջանական հանցավոր գործողություններից բխող անորոշությունների ու սպառնալիքների հարուցած շարունակական սթրեսով պայմանավորված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները. այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը, որի տեղեկատվությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Դրանց թվում են սրտի իշեմիկ հիվանդությունը՝ 58%, գլխուղեղի կաթվածը՝ 36%, ծննդաբերական բարդությունները՝ 11.6% և մի շարք այլ հիվանդություններ:

Չափահասների և հատկապես երեխաների շրջանում արձանագրվում է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը դրսևորվել է նյարդաբանի ու հոգեբանի մոտ երեխաների այցերի 46%, իսկ չափահասների դեպքում՝ 47% աճով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 25%-ով աճել են աղիքային անանցելիության պատճառով վիրահատական միջամտությունների դեպքերը, որը կարող է պայմանավորված լինել սննդում բջջանքի սղությամբ:

Իսկ գազամատակարարման պարբերական լրիվ ընդհատումներով ու թերի վերականգնմամբ պայմանավորված՝ արձանագրվել է շմոլ գազից թունավորման 30 դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ: