Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր բողոքի դուրս եկած թունաքիմիկատ ներկրողները համաձայնության են եկել ՍԱՏՄ-ի հետ

Այսօր բողոքի դուրս եկած թունաքիմիկատ ներկրողները համաձայնության են եկել ՍԱՏՄ-ի հետ
Հասարակություն
16:49, 13 март 2023
ՍԱՏՄ-ն հաղորդագրություն է տարածել.

«Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են դիմել պեստիցիդներ ներմուծող մի շարք տնտեսավարողներ, որոնք չեն կարողանում մաքսային պահեստներում գտնվող ապրանքը մաքսազերծել, քանի որ չունեն Տեսչական մարմնի թույլտվությունը:

Թույլտվությունը չի տրամադրվել, որովհետև վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի տվյալներին:

Մասնավորապես, ՀՀ օրենսդրության համաձայն, երկրի տարածք թույլատրվում է ներմուծել միայն այն կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդները, որոնք սահմանված կարգով գրանցվել են Հայաստանում։ Տնտեսավարողները փորձել են ներկրել չգրանցված կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդներ: Այսինքն՝ գրանցման է ներկայացվել X կազմակերպության արտադրանք, որը սահմանված կարգով գրանցվել է, սակայն փորձում են ներկրել Y կազմակերպության կողմից արտադրված արտադրանք:

Քանի որ ապրանքն արդեն Հայաստանում է, տնտեսավարողները խնդրում են ընդառաջել և թույլատրել արդեն երկրում գտնվող ապրանքի ներմուծումը՝ խոստանալով հետագայում պահպանել սահմանված բոլոր ընթացակարգերը:

ՍԱՏՄ-ն հորդորել է պեստիցիդ ներմուծողներին իրենց առաջարկությունները ներկայացնել գրավոր դիմումի տեսքով, որին Տեսչական մարմինը կպատասխանի օրենքով սահմանված ժամկետներում: Առաջարկն ընդունվել է»: