Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2017-ին Կոնդում ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու մասին տեսանյութի գլխավոր հերոսն այժմ ձայներ է հավաքում Քոչարյանի համար

2017-ին Կոնդում ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու մասին տեսանյութի գլխավոր հերոսն այժմ ձայներ է հավաքում Քոչարյանի համար
Հասարակություն
21:12, 07 май 2021
Civic.am-ը ահազանգ է ստացել , որ 2017 թվականի մայիսի 22-ի Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Ազատության» հրապարակած՝ «Կոնդում տասնյակ քաղաքացիներ այցելում էին ՀՀԿ շտաբ, դուրս գալիս գումարով» վերտառությամբ տեսանյութի գլխավոր հերոսներից մեկը ներգրավվել է Ռոբերտ Քոչարյանի համար ձայներ հավաքագրելու գործընթացում։

Հիշեցնենք, որ համաձայն հրապարակման և առկա տեսանյութի, «Ազատության» լրագրողը մոտ 15 րոպե հերթապահում է շտաբի դիմաց, և երբ նկատում է, որ նրանցից մի քանիսը դուրս են գալիս գումարով, մտնում է ներս, որից հետո սկսվում է իրարանցում, ներսում գտնվողները արագ հավաքում են փաստաթղթերը: Նրանցից մեկի ձեռքին մեծ քանակությամբ 5 հազար դրամանոցներ են լինում, լրագրողին նկատելով՝ այդ տղամարդը թղթադրամներն անմիջապես ծալում է, դնում պայուսակի մեջ ու վազելով դուրս գալիս շտաբից:

Շտաբում հավաքված մյուս քաղաքացիները նույնպես արագ հեռանում են, հետո շտաբում գտնվող Սոնյա Եղյանը, որը, Հանրապետականի ավագանու ցուցակով թեկնածու էր, ասում է, որ ինքն է շտաբի լիազոր ներկայացուցիչը և որևէ գումար չի տեսել, շտաբում գումար չեն բաժանել:
Մեր աղբյուրի պնդմամբ, նույն Սոնյա Եղյանն այժմ «դավաճանել է» ՀՀԿ-ին և ակտիվ գործունեություն է ծավալում հօգուտ Քոչարյանի։ Ի դեպ, մեր աղբյուրը պնդում է, որ նա ներգրավված է եղել նաև նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին։ Ըստ այդմ՝ Եղյանի՝ Կոնդում գտնվող տունը, այդ ժամերին մտել են բազմաթիվ մարդիկ և դուրս եկել զինվորական հագուստներով։
 
 Դեպքերից օրեր անց էլ, երբ Երևանում սկսվեցին հանրահավաքներ և փակվեց Բաղրամյան պողոտան, Եղյանը, տիրապետելով թաղամասում բնակվող վատ սոցիալական վիճակում գտնվող մարդկանց տվյալներին, համոզել և առաջարկել է վերջիններիս՝ գումարի դիմաց մասնակցել ցույցերին և նստացույցերին։

 Այժմ էլ, ըստ մեր աղբյուրի, Սոնյա Եղյանը ակտիվորեն ներգրավված է Ռոբերտ Քոչարյանի համար ընտրություններում ձայներ հավաքելու գործընթացում։ Այժմ նա պոտենցիալ ընտրողներ է հավաքագրում և ցուցակագրում՝ խոստումների դիմաց։  

 Հիշեցնենք, որ Սոնյա Եղյանն անցնում էր նաև քրեական գործով, որը կարճվել է 2017 թվականին։ 

 Նա նախկինում եղել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հսկիչ և առաջադրված է եղել Հանրապետական կուսակցության կողմից՝ որպես ավագանու թեկնածու։

 2017-ին Սոնյա Եղյանը հայտնվել էր նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծած «Ընտրակեղծարարների պատ»-ին։



Վովա Հակոբյան