Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներկայացվել է միջպետական գանգատ, որի շրջանակներում նաև ռազմագերիների իրավունքների հարցն է բարձրացվում․Դիանա Քարազյան․ Տեսանյութ

Ադրբեջանում պահվող հայ գերիներին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակելու մասին միջազգային կառույցներից հնչող հայտարարություններն արհամարհելով Բաքուն հունիսի 2-ին մեկնարկում է երկու հայ ռազմագերիների դատավարությունը։

Ըստ պաշտոնական Բաքվի, Եղեգիս համայնքի բնակիչ Լյուդվիգ Մկրտչյանը և Կապանի բնակիչ Ալյոշա Խոսրովյանը միասին կատարել են ռազմական հանցագործություններ։ Նրանք մեղադրվում են պատերազմի կանոնները խախտելու, Ադրբեջանի պետական սահմանը անօրինական անցնելու, զինված խմբավորում ձևավորելու համար։

Առցանց քննարկման ժամանակ խոսելով այդ մասին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի, ՄԻԵԴ-ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Դիանա Քարազյանն ասաց․

«Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը և գրասենյակը պատերազմի հենց առաջին օրվանից դիմել են Եվրոպական դատարան դատարանի 39-րդ կանոնների  շրջանակներում, որպեսզի միջանկյալ միջոցները կիրառվեն, այնուհետև դրանց հաջորդել են միջպետական գանգատի շրջանակներում անձանց իրավունքների և կոնվենցիոն իրավունքների պաշտպանությունը։ Կոնկրետ նշեմ, որ Լյուդվիգ Մկրտչյանի  և Ալյոշա Խոսրովյանի վերաբերյալ ևս եղել են միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ»,- ասաց Դիանա Քարազյանը։

Նա նշեց, որ առաջին որոշումը դատարանը կայացրեց պատերազմի երրոր օրը՝ ամսի 29-ին, որն ավելի ընդհանրական բնույթ էր կրում՝ կողմերին կոչ անելով զերծ մնալ անձանց կոնվենցիոն իրավունքների խախտումից, որին հաջորդեց հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անհատական կոնկրետ անձանց վերաբերյալ արդեն միջանկյալ միջոց կիրառելու պահանջները, որոնք ուղարկվեցին կառավարության կողմից։

«Դրանցով մենք ունենք բավարարում ՄԻԵԴ-ի կողմից, անխտիր բոլորն ունեն բավարարում, բայց ցավոք սրտի ադրբեջանական կողմը ոչ միշտ է, որ տրամադրում է այն բոլոր տվյալները, որոնք որ Եվրոպական դատարանը պահանջում է։ Այդ իսկ պատճառով սույն թվականի մարտին ԵԴ-ն որոշում կայացրեց այդ միջանկյալ միջոցների որոշումներով պահանջվող գործողությունները, որոնք դատարանը հստակ արձանագրեց, որ Ադրբեջանի կողմից ոչ պատշաճ են կատարվում նաև կան ժամեկտի չպահպանման խնդիրներ։ Դրա համար այդ հարցի քննարկումը կանոնակարգի 39 կանոնի 2-րդ մասի համաձայն հանձնել Եվրոպայի խորհդրի նախարարների կոմիտեին։ Դրանից հետո, թե ինչ գործընթացներ են, դեռ այս պահին հայտնի չէ, բայց մնացածը գիտեք, որ ներկայացվել է միջպետական գանգատ, որի շրջանակներում նաև ռազմագերիների իրավունքների հարցն է բարձրացվում»,- ասաց Դիանա Քարազյանը։