Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին․ Արայիկ Հարությունյան

Մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին․ Արայիկ Հարությունյան
Հասարակություն
18:54, 24 апрель 2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձով է հանդես եկել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին:

Մարդկության դեմ ուղղված այդ հրեշավոր ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Եվ քանի դեռ այն չի ճանաչվել ու դատապարտվել ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, մենք կարող ենք ականատես լինել ցեղասպանության նոր դրսևորումների ամբողջ աշխարհում:
Այսօր Արցախը կանգնած է թուրք-ադրբեջանական հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության նոր և իրական վտանգների առջև: Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար:

134 օր շարունակվող շրջափակման մեջ պահելով Արցախի 120 հազար խաղաղ բնակչությանը, տասնյակ հազարավոր երեխաների ու ծերերի, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, անտեսելով միջազգային հանրության հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունները փորձում են ծնկի բերել մեր ժողովրդին:

Սակայն մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին: Մենք այլընտրանք չունենք։ Հայը չի կարող նորից հայրենիք կորցնել, դառնալ տարագիր ու սփռվել աշխարհով մեկ: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից ու միասնաբար կերտենք հայ ժողովրդի ապագան՝ այսօր և այստեղ:

Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար: Այսօր քան երբեւէ պետք է խոսքից անցնել գործի։ Համազգային պատասխանատվության, արժանապատվության, պահանջատիրության պահն է՝ կանգնել Արցախի կողքին և կանխել նորանոր համազգային ողբերգություններն ու ձախողումները։

Ուստի, ապավինելով Մայր Հայրենիքին, աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին՝ մենք բոլոր կազմակերպություններին ու սրտացավ անձանց խնդրում ու հորդորում ենք կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը ի պաշտպանություն Արցախի մաքառող ժողովրդի՝ հանուն հայոց համազգային շահերի և համամարդկային արժեքների:

Աստված պահապան հայ ազգին»։