Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ո՞նց անցնեն բնակիչները` թուրքի զորքը էնտեղ կանգնած, մի հոգի չի, երկու հոգի չի, ո՞վ ա գլխից ձեռ քաշել, որ գնա էնտեղով անցնի»․ Հին Շեն համայնքի ղեկավարը՝ ադրբեջանցիների կողմից դրած անցակետի մասին

«Ո՞նց անցնեն բնակիչները` թուրքի զորքը էնտեղ կանգնած, մի հոգի չի, երկու հոգի չի, ո՞վ ա գլխից ձեռ քաշել, որ գնա էնտեղով անցնի»․ Հին Շեն համայնքի ղեկավարը՝ ադրբեջանցիների կողմից դրած անցակետի մասին
Հասարակություն
13:18, 25 апрель 2023
«Մեծ Շենում ժողովուրդն իր բնականոն կյանքով ապրում է, ոչ մի խուճապ չկա։ Սննդի, հիգիենայի պարագաների խնդիր դեռ չկա, գյուղացիներն իրենց զապասն ունեն․ շաբաթը մեկ անգամ գնում էին Գորիս, առևտուր անում գալիս, ամեն մարդ իր սնունդն ինքն էր ապահովում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը։  

Շուշիի համայնքի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն էլ նշեց, որ հուսով են՝ ադրբեջանցիների դրած անցակետը շուտով կբացվի, հակառակ պարագայում՝ տնտեսական հարցերը լուծելու համար այլ ուղիներ պետք է փնտրեն․ «Եղցահողի, Հին Շենի, Մեծ Շենի և Լիսագորի համայնքների բնակիչները դեռ մեկ շաբաթ կարող են ապրել եղած սնունդով»,-հավելեց նա։ 

Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանից էլ հետաքրքրվեցինք՝ արդյոք փորձե՞լ են մոտենալ անցակետին՝ պարզելու՝ հնարավո՞ր է անցնել, ինչին ի պատասխան նա արձագանքեց․ «Ո՞նց անցնեն բնակիչները՝ թուրքի զորքը էնտեղ կանգնած, մի հոգի չի, երկու հոգի չի, ո՞վ ա գլխից ձեռ քաշել, որ գնա էնտեղով անցնի»։  

Ինչպես հայտնի է, ապրիլի 23-ից Ադրբեջանը փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը և հայտարարել, որ անցակետ է տեղադրում, իբրև թե Հայաստանի կողմից անօրինական կերպով օգտագործվող այդ ճանապարհի վրա հսկողություն սահմանելու համար։  
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները զրկված են Ստեփանակերտ մեկնելու հնարավորությունից՝ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով, ապրիլի 23-ից էլ Հայաստանի հետ կապը կտրվեց։ 

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ նշված համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ և ընդգծել, որ մինչև ճանապարհը փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին Գորիս և հիմա  չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Պետնախարարի խոսքով՝ նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանում։ Գուրգեն Ներսիսյանի խոսքով՝ քաղաքացիների վերադարձը և շտապ օգնության մեքենաների շարժը դեպի Հայաստան կազմակերպելու համար դիմել է ռուսական խաղաղապահ ուժերին։

Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից տեղեկացրել են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան։

Նարա Մարտիրոսյան