Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նովէյր» ավիաընկերությանը պատկանող օդանավով է իրականացվել Երևան-Կապան թռիչքը. թռիչքները տևելու են մոտ 45 րոպե. քաղավիացիայի կոմիտեի մամուլի պատասխանատու

«Նովէյր» ավիաընկերությանը պատկանող օդանավով է իրականացվել Երևան-Կապան թռիչքը. թռիչքները տևելու են մոտ 45 րոպե. քաղավիացիայի կոմիտեի մամուլի պատասխանատու
Հասարակություն
14:10, 26 апрель 2023
«Նովէյր» հայկական գրանցում ունեցող ավիաընկերությանը պատկանող օդանավն այսօր առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից թռիչք է կատարել դեպի Կապան։ 19 ուղևորի համար նախատեսված չեխական արտադրության օդանավում փորձնական թռիչքի ժամանակ եղել են միայն օդաչուները։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի պատասխանատու Լիլիթ Աղաբեկյանը։ 

Թե երբ կսկսվեն Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումները, Լիլիթ Աղաբեկյանի խոսքով՝ դեռ հստակ չէ, բայց թռիչքը կտևի մոտ 45 րոպե։ 

Ի՞նչ կարժենա ավիատոմսը հարցին ի պատասխան՝ Լիլիթ Աղաբեկյանը նշեց, որ այդ հարցին դեռ վաղ է անդրադառնալ․ «Այս փորձնական թռիչքից հետո պետք է ուսումնասիրվեն սխեմաները, ստացված բոլոր արդյունքները, եթե կարիք լինի լրամշակելու՝ լրամշակվեն, նոր հետո կկարողանանք խոսել թռիչքների մասին»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, Քաղաքացիական ավիացայի կոմիտեն հայտնեց, որ Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58-ին բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը։  Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10-ին: 

Քաղաքացիական ավիացայի կոմիտեից տեղեկացրել են նաև, որ Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:

Ըստ հաղորդագրության՝ այս թռիչքը պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին իրականացված մեկ մասնավոր թռիչքի:

Նարա Մարտիրոսյան