Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավանդական մեթոդով գյուղատնտեսություն վարելը դառնում է խնդրահարույց ու բոլորով պետք է մտածենք՝ ինչպե՞ս վարվել․ Սանոսյան

Ավանդական մեթոդով գյուղատնտեսություն վարելը դառնում է խնդրահարույց ու բոլորով պետք է մտածենք՝ ինչպե՞ս վարվել․ Սանոսյան
Հասարակություն
18:43, 03 май 2023
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը հարց բարձրացրեց կապված Մեղրու տարածաշրջանի հողերի ջրազրկման մասին։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այդ իմաստով բավական ծանր տարի է սպասվում։ «Եղած թվերը շատ մտահոգիչ են, պատկերը մտահոգիչ է, բայց պետք է փորձենք իրավիճակը կառավարել», - ասաց Սանոսյանն ու ավելացրեց, որ ջրամբարներում եղած ջրի պարունակությունը շատ քիչ է։

Ի՞նչ է անում կառավարությունը։ Ըստ Սանոսյանի, ջրօգտագործող ընկերություններին տեխնիկա է տրամադրվել, որպեսզի հնարավոր աշխատանք իրականացնեն առուների մաքրման կամ այլ տեսակի աշխատանքների համար՝ ջրի կորուստները նվազեցնելու համար։ Մի շարք ջրանցնքներում շինարարական աշխատանքներ են իրականացվում, խոշոր ջրանցնքներում հատուկ ջրաչափեր են տեղադրվել։ «Մեր սուբվենցիոն ծրագրերում ոռոգման ծրագրերը քանակով երրորդ տեղում են, միլիարդավոր դրամների աշխատանքներ են իրականացվում», - ասաց նախարարն ու ավելացրեց,որ այնուամենայնիվ դրանք բավարար չեն, քանի որ համակարգը շատ է քայքայված ու շատ մեծ ծավալի ներդրում է պահանջում, նաև՝ եղանակային պայմանները ոչ թե տարեց տարի, այլ ամսեամիս են փոխվում։ «Ավանդական մեթոդով գյուղատնտեսություն վարելը դառնում է խնդրահարույց ու մենք բոլորով պետք է մտածենք ինչպես վարվել», - նշեց Սանոսյանը։

Պատգամավորն էլ փոխանցեց Մեղրիի համայնքապետարանի առաջարկը՝ Մեղրիի գետի գետաբերանում կառուցել մոդուլային պոմպակայան։

Նախարարը հիշեցրեց, որ այնտեղ ջրամբար կառուցելու նախագիծ կա, որը հիմա նախագծման փուլում է, եթե մինչև տարեվերջ ավարտեն նախագծման աշխատանքները, ապա հաջորդ տարի կիրականացվի շինարարության մրցույթ։ Անդրադառնալով պոմպակայան կառուցելուն, Սանոսյանն ասաց․ «պետք է խորհրդակցել, հիմա չեմ կարող ասել»։