Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում ՀՀ-ի կողմից «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի վավերացումը

Այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում, համաձայնագիրը մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրերի ձևաչափով, որով կարգավորվում են ընկերության ստեղծման և գործունեության կարգավիճակը, գործառույթները, ինչպես նաև ֆինանսական աջակցության հարցերը։ 

«Ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ և արտաքին առևտրի խթանման համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով ընկերության անդամ պետությունների արտահանման վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում։ Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել  Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի  ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը՝ արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրման ոլորտում գործունեության իրականացման միջոցով»,- ասաց նախարարի տեղակալը։

Նա նաև տեղեկացրեց, որ ընկերության կանոնադրության մեջ առկա են ընկերության համահիմնադիր հանդիսացող ՀՀ-ի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող  դրույթներ, ընկերության կանոնադրությանը կից ներկայացված հավելվածի համաձայն՝ Եվրասիական վերաապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում ՀՀ-ի մասնաբաժնի ծավալը  սահմանվել է կապիտալի 3 տոկոսի չափով, որը կազմում է 450 միլիոն ռուսական ռուբլի։     
   
Ելնելով վերոգրյալից՝ նախարարի տեղակալն ասաց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի վավերացումը ՀՀ-ի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում