Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաձայնագրի ընդունմամբ կամրապնդվեն հայ-ֆրանսիական տնտեսական կապերը

Համաձայնագրի ընդունմամբ կամրապնդվեն հայ-ֆրանսիական տնտեսական կապերը
Տնտեսություն
19:53, 16 декабрь 2021
Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին գումարված արտահերթ նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 28-ին Երեւանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ համաձայնագրով  հնարավորություն  է ստեղծվում Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության  եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության ներկայացուցչություններ բացելու համար: Նախարարի խոսքով՝ վերոնշյալ  երկու կառույցները Հայաստանում գործունեություն են ծավալում 2013 թվականից, եւ համաձայնագրի վավերացումը կարող է նպաստել  հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանն ու  Հայաստանում սոցիալ-տնտեսական առաջընթացին՝ զարգացման նոր  հնարավորություններ ընձեռելով:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Նա կարեւորել է համաձայնագիրն ու դրանից բխող գործողությունները, սակայն տարակուսանք հայտնել տնտեսության հետագա զարգացման առնչությամբ: