Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության համար վարկային համաձայնագրերի փոփոխություններին

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացության տրվեց
«Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։

Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն, (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք) որի ընդհանուր արժեքը գնահատվում է 236 681 000 ԱՄՆ դոլար՝ այդ թվում Եվրասիական զարգացման բանկի կողմից 150 մլն. դոլարի չափով վարկային միջոցները և ՀՀ համաֆինանսավորումը՝ 86 681 000 ԱՄՆ դոլարի չափով:

Ծրագրի նպատակն է՝ վերոնշյալ ճանապարհահատվածի թողունակության բարձրացումն ու վթարայնության նվազեցումը:

Նախագծի հիմնական զեկուցող ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, առհասարակ վարկային համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2015 թվականին, բայց տարբեր պատճառներով այն ձգձգումներ է ունեցել, և 2019 թվականին միայն նախագծող ընկերության հետ պայմանագիր են կնքել և պատվիրել են ճանապարհի նախագիծը, որը ներառում է 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների իրականացումը։

«2021 թվականին արդեն նախագիծը պատրաստ է եղել և ներկայացվել է նախարարություն, անցել է  բոլոր փորձաքննությունները, ներառյալ՝ պետական համալիր փորձաքննությունը, իրականացրել ենք շրջակա միջավայրի ազդեցության ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների իրականցումը։ Մենք նախատեսում ենք և պլանավորել ենք այս տարի սկսել շինարարական աշխատանքները։ Բոլոր մրցույթներն իրականացվել են միջազգային ընթացակարգերով, որպես միջազգային մրցույթներ։ Այսպիսով այս փոփոխությունները, շատ կարևոր են ծրագրի արդյունավետ և արագ ընթացքն ապահովելու հարցում։ Առաջին խնդիրը ինչի համար անհրաժեշտություն առաջացավ համաձայնագրում կատարել փոփոխություններ, նախևառաջ ծրագրի ժամկետների համապատասխանաբար երկարաձգումն էր, որը հնարավորություն կտա արդեն ճշգրտված շինարարական աշխատանքների ժամկետներով ունենալ վավեր վարկային համաձայնագիր և վարկային հասանելի միջոցներ»,-ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում