Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրապես «Հյուսիս-հարավ» միջանցքի այդ մեծ առևտրային ուղու մաս դառնալու համար մեզ պետք են անհրաժեշտ ենթակառուցվածքներ. Գևորգ Պապոյանը՝ Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության մասին

«Այն քաղաքականության համար, որը կառավարությունը որդեգրել է, և մեր նպատակադրման համար՝ դառնալու իրապես «Հյուսիս-հարավ» միջանցքի մաս և Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Բուլղարիա-Հունաստան՝ այդ մեծ առևտրային ուղու մաս, մեզ պետք են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հակառակ դեպքում ամենապարզ տրամաբանությամբ ոչ մի բեռնափոխադրող, ոչ մի վարորդ չի գնա այն ճանապարհներով, որտեղ վթարների հավանականությունը մեծ է, որտեղ  ծախսերը մեծ են, որտեղ ժամանակը երկար է տևում»,- այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության համար վարկային համաձայնագրերի փոփոխությունների վերաբերյալ փաթեթի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Նշենք, որ խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։ 

Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք), որի ընդհանուր արժեքը գնահատվում է 236 681 000 ԱՄՆ դոլար՝ այդ թվում Եվրասիական զարգացման բանկի կողմից 150 մլն դոլարի չափով վարկային միջոցները և ՀՀ համաֆինանսավորումը՝ 86 681 000 ԱՄՆ դոլարի չափով:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ բնականաբար, այս ամեն ինչի մաս դառնալու համար մեզ պետք են համապատասխան ներդրումներ։  

«Եվ այս առումով կարծում եմ, որ ինձ հետաքրքրում էին ավելի շատ լրացուցիչ այդ հիմնավորումները, թե ինչու պետք է ավելանան, և եթե մի կողմից՝ բիզնեսի կողմից առաջարկներ ունենք, որոնք նույնական են, մյուս կողմից՝ միջազգային մասնագիտացված կառույցների կողմից,  կարծում  եմ, որ դրանք արդեն որոշակիորեն մեզ հիմք են տալիս այդ թվերի հիմնավորվածությանը հավատալու, որովհետև նաև գիտենք, որ հատկապես շինարարության և շինաշխատանքների ոլորտում նաև գնաճ է գրանցվել, և դա նույնպես իր ազդեցությունն  ունեցել է»,- ասաց Գևորգ Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում