Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմագերիների հարազատները դադարեցրել են նստացույցը Փաշինյանի հետ պայմանավորվածության հիման վրա. «Միաբան» նախաձեռնություն

Ռազմագերիների հարազատները դադարեցրել են նստացույցը Փաշինյանի հետ պայմանավորվածության հիման վրա. «Միաբան» նախաձեռնություն
Հասարակություն
20:25, 24 июнь 2021
Ռազմագերիների հարազատները, ովքեր հունիսի 23-երեկոյից նստացույց էին իրականացնում ՀՀ կառավարության առջև, հունիսի 24-ին կրկին հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկացրին «Միաբան» նախաձեռնությունից, որի հաղողրդմամբ՝ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա որոշում է կայացվել դադարեցնել նստացույցը՝ ՀՀ կառավարության կողմից որոշակի ժամկետներում որոշակի գործողությունների իրականացման պայմանով։

Նստացույցի մասնակից, գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր Տիգրան Ամբարդարյանն այս առնչությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Այս պահին դադարեցնում եմ նստացույցը հետևյալ պատճառով։

Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։
Դրանք են.
  1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)
  2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։
Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»։