Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կախվածություն ունենալը խարան չէ, հիվանդություն է, որը, ճիշտ ժամանակին դիմելու դեպքում, հնարավոր է կանխարգելել»․ Ռուզաննա Երեմյան

«Կախվածություն ունենալը խարան չէ, հիվանդություն է, որը, ճիշտ ժամանակին դիմելու դեպքում, հնարավոր է կանխարգելել»․ Ռուզաննա Երեմյան
Հասարակություն
18:12, 28 июнь 2021
Միայն տելեգրամ հավելվածում կա 1200 «նարկոշոփ»։ Ամեն օր երեկոյան ժամը 11-ից հետո, եթե ստուգենք, կտեսնենք, որ յուրաքանչյուր «շոփում» առնվազն 600-800 մարդ թմրանյութ է փնտրում։ Այս մասին այսօր՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ, ասաց «Միասին կարող ենք» ՀԿ նախագահ Ռուզաննա Երեմյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով հետպատերազմյան վիճակը, այն հանգամանքը, որ տեղեկատվությունը չափազանց հասանելի է դեռահասներին, նաև այն, որ երեկոյան Երևանի որոշ փաբերում, քլաբերում անչափահասների քանակը շատ մեծ է և տարբեր վայրերից նրանց ստացած հստակ տեղեկատվությունը, թույլ են տալիս ասելու, որ գործ ունենք ոչ թե ուղղակի կախվածության, այլ աղետի հետ, որը մեզ համար ազգային անվտնագության խնդիր է։ 

«Մենք հայերս ունենք փակ ապրելու կարգեր։ Մենք երբեք չենք խոսում դժվարությունների, խնդիրների մասին, որոնք թակում են մեր դռները։ Մենք գերադասում ենք մեր երեխայի մահվան դեպքում ասել, որ 17-18 տարեկան երեխան սրտի կանգից է մահացել, բայց երբեք չենք ասում, որ մահացել է թմրանյութի գործածումից։ Դա մեր ազգային բնութագիրն է», - նշեց Ռուզաննա Երեմյանը։ 

Նրա խոսքով՝ նրանց կողմից կատարված իրազեկման աշխատանքները, բոլոր ակցիաները միտված են հասարակությանը ներկայացնելուն, որ կախվածություն ունենալը խարան չէ, դա հիվանդություն է, և ճիշտ ժամանակին բժշկին, հոգեբանին, դիմելու դեպքում, հնարավոր է դա կանխարգելել․«Եթե մենք տաբուն պահենք, չխոսենք, չբարձրաձայնենք խնդիրը և մեր երեխաների, դեռահասների, անչափահասների ծնողները տեղեկատվություն չստանան, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու»։

Ռուզաննա Երեմյանը ներկայացրեց նրանց կողմից կատարված իրազեկման աշխատանքները, նշելով, որ այս փուլում աշխատել են ծնողների հետ, նրանց իրազեկելու ուղղությամբ։

«Աշակերտների համար երբեմն հակագովազդը նաև գովազդ է սկզբունքն հաշվի առնելով, հասկացանք, որ առաջինը պետք է իրազեկել ծնողներին, խոսել մեծերի հետ, ներկայացնել իրավիճակը, փորձել գտնել լուծումներ, տալ բավարարար գիտելիքներ՝ իդենտիֆիկացնելու այն երեխաներին, ովքեր կարող են խնդիրներ ունենալ հետագայում կամ ունեն տվյալ պահին», - նշեց նա։