Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հատուկ ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցը նշել է հիմնադրման 50-ամյակը. այն միակ մասնագիտական դպրոցն է ՀՀ-ում

Հատուկ ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցը նշել է հիմնադրման 50-ամյակը. այն միակ մասնագիտական դպրոցն է ՀՀ-ում
Մշակույթ
20:00, 19 июнь 2023
Օրեր առաջ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մեծ շուքով նշվել է Հատուկ ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի հիմնադրման 50-ամյակը։ 

Դպրոցը հիմնադրվել է 1973 թվականին, այն գործում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի շենքում։ 

Մեզ հետ զրույցում Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային դպրոցի փոքր երգչախմբի ղեկավար՝ խմբավար, Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Քրիստինե Խաչիկյանը նշեց, որ Հայաստանում այս դպրոցը միակն է։ 

«Մեկ այս տիպի դպրոց կա Լատվիայում, որն ունի 30-ամյա պատմություն, մեր դպրոցը առաջատարն է՝ որպես մասնագիտական դպրոց, և կարծեմ կա Էստոնիայում, այդ երեքն ենք։ Մենք սակավաթիվ ենք թե աշխարհում, նաև կազմով ենք սակավաթիվ՝ աշակերտների թվով, որովհետև սա կրթօջախ է, որտեղ պահանջվում են լավ ձայներ։ Դպրոցում դասավանդվում է դասական վոկալ, դա հիմքերի հիմքն է, տեսական բոլոր առարկաները, սոլֆեջիո, երաժշտության գրականություն, ֆորտեպիանո և երգչախումբ, որը դպրոցի այցեքարտն է»,- ասաց խմբավարը։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց մոտ երեխաներ շատ են գալիս, ընդունելությունը մեծ է լինում, բայց որոշ ժամանակ անց նրանց թիվը նվազում է, քանի որ իրենց դպրոցի ռիթմը չի համապատասխանում հանրակրթական դպրոցի ռիթմին, այստեղ դասաժամերը շատ հագեցած են։ 

Քրիստինե Խաչիկյանը նաև թվարկեց, թե ինչ հայտնի երաժիշտներ են սովորել իրենց դպրոցում։

Վերջինս նշեց, որ իրենց աշխատանքին մեծ ուժ ու եռանդ է տալիս պրոֆեսոր, գեղարվեստական ղեկավար Կարինե Առաքելյանը։ 

Քրիստինե Խաչիկյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ իրենց դպրոցի փոքր սաները, որոնք 6-10 տարեկան են, մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կազմակերպած մրցույթ-փառատոնին. նախկինում այս տարիքային խմբի երեխաները կամ բացել, կամ փակել են նմանատիպ միջոցառումները։ Ըստ խմբավարի՝ թեև երեխաները բավականին բարձր թվանշաններ ստացան, սակայն նա հանձնաժողովի որոշ անդամների կոչ արեց, որ այս տարիքային խմբի երեխաների հանդեպ մի փոքր ավելի մեղմ վերաբերվեն։

«Կոչ եմ անում քաղաքապետարանին հաջորդ անգամ էլ ավելի ուշադիր վերաբերվել ժյուրիի կազմին»,- եզրափակեց Քրիստինե Խաչիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան