Քաղաքացիակենտրոն
լրատվություն

270 անվճար տեղ՝ ասպիրանտուրայի ընդունելության համար, որից 180-ը՝ առկա և 90-ը՝ հեռակա. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է մշակել

270 անվճար տեղ՝  ասպիրանտուրայի ընդունելության համար, որից 180-ը՝ առկա և 90-ը՝ հեռակա. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է մշակել
Գիտություն
16:00, 14 март 2024
ԿԳՄՍ նախարարության  բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտությունների գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել (այդ թվում նաև բնագիտական և տեխնիկական ոլորտների մասնագիտություններով) 66 տեղ (2022/2023 ուսումնական տարում թափուր էր մնացել 40 տեղ (24 առկա և 16 հեռակա), որից 46-ը՝ առկա և 20-ը հեռակա ուսուցման համակարգում:

Civic.am-ը կից հիմնավորումից տեղեկացավ, որ առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական, տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է: Նախագծի ընդունմամբ կհաստատվեն ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
  
- պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 180 տեղ,
  - նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 90 տեղ,
  - պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով՝ 35 տեղ:

«Նախագծի ընդունմամբ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը»,- նշված է հիմնավորման մեջ։ 

2024-2025 ուստարվա տեղերը ըստ բուհերի կբաշխվեն հետևյալ կերպ. ԵՊՀ՝ 48 առկա, 30 հեռակա, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 16 առկա, 8 հեռակա, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 6 առկա, 0 հեռակա, Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 7 առկա, 3 հեռակա, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ 2 առկա, 4 հեռակա, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ 5 առկա, 2 հեռակա,   Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 3 առկա, 2 հեռակա, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան՝ 2 առկա, 1 հեռակա, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա՝ 1 առկա, 0 հեռակա, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ 1 առկա, 1 հեռակա, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ 3 առկա, 0 հեռակա, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ 0 առկա, 1 հեռակա, Հայ-ռուսական համալսարան՝ 23 առկա, 1 հեռակա, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ 2 առկա, Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)՝ 4 առկա, 2 հեռակա։ Մյուս բուհերի  տեղերի մասին՝ այս հղումով։ 

Մասնագիտություններն են մասնավորապես  կոնդենսացված վիճակի ֆիզիկան, լազերային ֆիզիկան, մաթեմատիկական անալիզը, գենետիկան, ջերմաէներգետիկան, կենսաքիմիան, հայոց պատմությունը։ 

Վերջին տարիների ասպիրանտուրայի ընդունելության արդյունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ համալրվում է հատկացված տեղերի 60-ից 70 տոկոսը: